211652_close_icon
views-count399 դիտում article-date 15:27 26-11-2022

ՌԴ առողջապահության նախարարը մասնակցել է հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովին

Հայաստան ժամանած ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակությունը Վ․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մասնակցել է հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովին: Այն 2014 թվականից անցկացվում է ամեն տարի հաջորդաբար` Հայաստանում և Ռուսաստանում։

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ողջունել է հյուրերին` բարձր գնահատելով երկկողմ գործակցությունն ու նկատել, որ առողջապահությունը երկու երկրների համագործակցության առանցքային ոլորտներից է:

«Ավանդույթ դարձած հայ-ռուսական համատեղ ֆորումի անցկացումն ամրապնդում է երկկողմ գործակցությունը մի շարք ուղղություններով, այդ թվում` ուռուցքաբանության և սրտաբանության ոլորտներում, որոնց զարգացմանն է նվիրված հայ-ռուսական այս ֆորումը։ Վերջին տարիներին մենք լուրջ հաջողություններ ունենք չարորակ նորագոյացությունների ախտորոշման և բուժման ոլորտում։

Սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներն ընդլայնվում եմ` ընդգրկելով ծառայությունների և շահառուների ավելի լայն շրջանակ: Բարեփոխումների առանցքում պացիենտն է, ամեն բան արվում է նրանց առողջության, կյանքի որակի բարձացման ուղղությամբ»,- համաժողովի բացմանը նշել է Անահիտ Ավանեսյանը:

«Բարձր եմ գնահատում այս ֆորումի անցկացումը, որը կնպաստի հայ-ռուսական համագործակցության շրջանակներում ուռուցքաբանության և սրտաբանության ոլորտներում ծրագրերի ընդլայանմանն ու զարգացմանը։ Կարևորում ենք հատկապես մատուցվող ծառայությունների հասանելիությունը, արդյունավետությունն ու ժամանակակից նոր տեխնոլոգիաների կիրառումն` ուղղված մարդկանց կյանքի որակի ապրելիության բարձրացմանը»,- ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

Հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովի ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառում երկու երկրների համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ ներկայացվել են ուռուցքաբանության և սրտաբանության ոլորտները։