211652_close_icon
views-count1164 դիտում article-date 13:56 26-11-2022

Արդյո՞ք Պրահայում հստակ պայմանավորվածություն կար հաջորդ անգամ հանդիպել քառակողմ ձևաչափով․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ալիեւի ոչ մի խոսքի ես, բնականաբար, չեմ հավատում: Երբ նա ասում է, թե Փաշինյանը պայման է դրել, որ Բրյուսելում կհանդիպի իր հետ միայն այն դեպքում, եթե այդ բանակցություններին մասնակցի նաեւ Մակրոնը, դա, կարծում եմ, փաստերի որոշակի խեղաթյուրում է: Ադրբեջանի նախագահի համար կարեւոր է ընդգծել իր «նեղացածությունը» Ֆրանսիայից. նա այնքան է «նեղացել» Ֆրանսիայի Սենատի բանաձեւից եւ Մակրոնի հարցազրույցից, որ վերջինիս երեսն անգամ չի ուզում տեսնել: Մյուս կողմից հարց է առաջանում՝ արդյո՞ք Պրահայում հստակ պայմանավորվածություն կար հաջորդ անգամ պարտադիր հանդիպել քառակողմ ձեւաչափով, ինչպես որ դա ներկայացնում է Հայաստանի ԱԳ նախարարությունը, թե՞ կար հնարավորություն հանդիպել բացառապես ԵՄ նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ: Եթե կար նման հնարավորություն, ապա դրանից, կարծում եմ, պետք էր օգտվել: Ուրիշ հարց, որ, ինչպես արդեն ասել եմ, ԵՄ հարթակում ձեռք բերված կամ ձեռք բերվելիք պայմանավորվածությունների մասին պետք է մանրամասն տեղյակ պահել Մոսկվային եւ հակառակը:

Բայց այստեղ, ինձ թվում է, մեկ այլ խնդիր կա:  Շատ հնարավոր է, որ Հայաստանն այս պահին առանձնապես հակված չէ «բրյուսելյան ձեւաչափին», քանի որ Երեւանում Պուտինն իր մեքենայում կամ որեւէ այլ փակ քննարկման ժամանակ «միանձնյա միջնորդ» դառնալու ցանկություն է հայտնել, ու բացառված չէ նաեւ՝ Փաշինյանին որոշակի առաջարկներ է արել, որոնք  վերջինս ձեռնտու է համարել:

Այդ վարկածի օգտին է խոսում այն փաստը, որ Ալիեւը թե՛ երեկվա միջազգային համաժողովում, եւ թե՛ դրանից առաջ փաստացի բողոքում էր Ռուսաստանից՝ այդ բողոքները «փաթեթավորելով»՝ որպես Հայաստանի հասցեին վիրավորանքներ: Գումարած դրան՝ հարեւան երկրի պաշտոնական ներկայացուցիչներն են դժգոհել ռուս խաղաղապահներից, թե իբր նրանք թույլ են տալիս, որ Լաչինի միջանցքով զենք տեղափոխվի, ինչպես նաեւ կիրառում են արցախյան տեղանունների հայկական տարբերակները: Ռուսաստանի, մեղմ ասած, անհաջողություններն Ուկրաինայում ակնհայտորեն ոգեւորում են Ալիեւին, եւ չեմ բացառում, որ նա Արցախում եւ, մասնավորապես, Լաչինի միջանցքում սադրանքների դիմի՝ հաշվի չառնելով խաղաղապահների ներկայությունը:

Հայաստանի համար, իհարկե, ցանկալի կլիներ պահպանել մի քանի ձեւաչափ ու փորձել ամեն մեկից կորզել առավելագույնը: Բայց նման նուրբ խաղը պահանջում է մտավոր որոշակի մակարդակ, պրոֆեսիոնալիզմ, ինչպես նաեւ աշխատանք, որի նպատակը ոչ թե սազանդարների եւ երկրպագուների հրճվանքն է («կեցցե՛ մեր դուխով վարչապետը» սերիայից), այլ՝ որոշ շոշափելի արդյունքը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր