211652_close_icon
views-count1176 դիտում article-date 23:11 25-11-2022

ՀՀ ԱԳ նախարարը դեսպանի հետ հանդիպմանը ողջունել է Երևանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էլիսոն ԼըՔլերին (նստավայրը՝ Մոսկվա):

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների և փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացումը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է Երևանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը և համոզմունք հայտնել, որ այդ քայլը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցությանը:

«Հաշվի առնելով, որ այս տարի նշվում է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են քաղաքական երկխոսության առկա մակարդակն ու միջպետական շփումների դինամիկան:

Նշվել է Կանադայի կառավարության պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը:

Արարատ Միրզոյանը և Էլիսոն ԼըՔլերը կարևորել են հայ-կանադական առևտրատնտեսական կապերի ընդլայնումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հայկական կողմը ներկայացրել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր առավելապաշտական դիրքորոշմամբ և ագրեսիվ գործողություններով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

Նմանատիպ նյութեր