211652_close_icon
views-count37664 դիտում article-date 10:50 25-11-2022

ՀՀ ոստիկանությունում  տարբեր պաշտոններ զբաղեցրած  գնդապետը  պարգևատրվել է ՌԴ  ՆԳ  նախարարության կողմից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ  ոստիկանությունում  աշխատելու     տարիներին  թմրամիջոցների  ապօրինի շրջանառության դեմ պայքարում բարձր ցուցանիշներ  ապահովելու համար ՀՀ  հակակոռուպցիոն կոմիտեի  վարչության  պետի տեղակալ, արդարադատության  առաջին դասի  խորհրդական  Արմեն  Վաթյանը  պարգևատրվել  է «ՌԴ  ՆԳՆ  թմրամիջոցների  անօրինական շրջանառության դեմ պայքարի  ծառայության  30  տարի» մեդալով։

Դեռևս 2018 թվականի  օգոստոսի  9֊ին  ոստիկանության Արաբկիրի  բաժնի  պետ  Ա.Վաթյանի  կողմից  բացահայտվել է  թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ  զբաղվող  հանցավոր խումբ։ Հանցափաստի մեջ մերկացվել էր նաև  ՌԴ  ՊՆ  Գյումրիի  102֊րդ  ռազմաբազայի  դասակի  հրամանատար, ավագ  լեյտենանտ՝ Վլադիմիր  Լեսնյակը։

Բացահայտման  արդյունքում  Վ.Լեսնյակը  հեռացվել  էր  զինված  ուժերից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 9-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքի Գորգագործների փողոցից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ, 70-ամյա Արտավազդ Գիչունցին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր ավտոմեքենան շահագործում է որպես տաքսի, որի մեջ են եղել նաև ուղևորներ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 33-ամյա Վլադիմիր Լեսնյակը և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 46-ամյա Արթուր Իսպիրյանը: Ա. Գիչունցը նրանց վերցրել է որպես ուղևորներ, չի ճանաչել նրանց և տեղեկություններ չի ունեցել ովքեր և ինչով են զբաղվում Վ. Լեսնյակն ու Ա. Իսպիրյանը:

Արաբկիրի ոստիկանները նշված անձանց Արաբկիրի ոստիկանություն տեղափոխելուց հետո որոշ ժամանակ անց դարձյալ ստացված օպերատիվ տվյալներով Թոխմախի գերեզմանատան տարածքից նույն կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Ավան-Առինջ թաղամասի բնակիչ, 42-ամյա Կարեն Կարապետյանին, ով նույնպես իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան շահագործում է որպես տաքսի և այդ պահին ավտոմեքենայի մեջ է եղել ուղևորը՝ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 49-ամյա Արմեն Ղազարյանը:

Ոստիկանները զննության են ենթարկել ավտոմեքենան և հետևի նստատեղից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ: Տոպրակի մեջ էլ եղել է 2 հատ ներարկիչ, 3 հատ դատարկ սրվակներ, իսկ նստատեղի հատակի ռետինե գորգի վրա հայտնաբերել են 2 հատ կոտրած ներարկիչ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ղազարյանը խոստովանել է, որ նշված սրվակներն ու ներարկիչները պատկանել են իրեն ու դրանց միջոցով ինքը գործածել է «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Արդեն որոշ ժամանակ անց Արաբիրի ոստիկանները, այս անգամ Երևան քաղաքի Թամանցիների փողոցից, «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց իրացնելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչ, 34-ամյա Մանուկ Մանուկյանին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, ում խուզարկությամբ հայտնաբերել են 5 հատ «B8» գրառմամբ ամբողջական «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Հայտանաբերվել է նաև «սուբուտեքս» հաբերի ևս 5 մանրացված կտոր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մանուկյանը խոստովանել է, որ դրանք պատկանում են իրեն: Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նշված թմրամիջոցը Մ. Մանուկյանը ձեռք է բերել Երևան քաղաքի ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ, 30-ամյա Գեղամ Գասպարյանից, ում տաք հետքերով Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են Թամանցիների փողոցից իր վարած BMW մակնիշի ավտոեմքենայով, որի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 266 հոդվածի 3-րդ մասի և 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի հետաքննչական բաժանմունքում հարուցված քրեական գործի նախաքննությունը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Վ. Լեսնյակը ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում, իսկ Գ. Գասպարյանի BMW-ի մեջ Արաբկիրի ոստիկաները հայտնաբերել են 17 հատ «B8» գրառմամբ հաբեր, ինչպես նաև 7 կտոր մանրացրած «սուբուտեքս» և 2. 2 գ քաշով փաթեթավորված դեղնականաչավուն մարիխուանա: Բերման ենթարկվածներից Ա. Ղազարյանն էլ նախկինում սպանության համար դատապարտված է եղել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առանձնապես ծանր այս հանցագործության բացահայտման օպերացիան ղեկավարել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օրեր առաջ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին աշխատանքից ազատվելու և ոստիկանության համակարգից դուրս գալու դիմում է ներկայացրել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մինչ այդ աշխատել է Երևան քաղաքի ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ով  ոստիկանության համակարգում նաև հայտնի է որպես ամենաօպերատիվնիկ սպաներից։ Նա ոստիկանության մի քանի տարածքային բաժիններ է ղեկավարել և հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտումների առումով՝ միշտ բարձր է պահել ոստիկանի պատիվը։ 

Նրա շնորհիվ՝ մայրաքաղաքում և մարզերում ժամանակին բացահայտվել են բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում՝ սպանություններ, հրազենի գործադրմամբ սպանություններ, սպանության փորձեր, բնակարանային գողություններ, այդ թվում՝ հանրությանը հայտնի անձանց բնակարաններից։ Ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում ոստիկանության համակարգում կարող էիր հաճախակի լսել Ա․ Վաթյանի անունը։ Որտեղ էլ որ աշխատել է, միշտ հպարտացել է իր ենթականերով։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ առաջիկայում Ա․ Վաթյանը Հայաստանում նոր ստեղծված  իրավապահ համակարգերից մեկում պաշտոնի է նշանակվելու։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր