211652_close_icon
views-count1283 դիտում article-date 10:18 25-11-2022

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր ասամբլեային

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 22-ից 23-ը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր ասամբլեային: Գլխավոր ասամբլեայի հանդիպման նպատակն էր, ի թիվս այլ թեմաների, ուսումնասիրել 2022 թվականին Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի իրականացրած գործունեությունը, առաջընթացը, ինչպես նաև քննարկել 2023 թվականի պլանավորումը և ընդունել նոր ռազմավարական ծրագիր։ Տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը։

Հանդիպմանը, որին մասնակցել են ավելի քան 40 երկրների մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ներկայացուցիչներ, քննարկվել են Եվրոպայում օրենքի գերակայության վիճակի վերաբերյալ ENNHRI-ի երրորդ տարեկան զեկույցը, այդ զեկույցում ներկայացված արդի մարտահրավերները, տարբեր ոլորտներում գրանցված առաջընթացը։ Ասամբլեայի շրջանակներում ազգային պաշտպանական հաստատությունները քննարկել են անվտանգային ստեղծված նոր իրավիճակներում պաշտպանների հաստատությունների մարտահրավերների մասին և համաձայնել են շարունակել աշխատանքը նախ և առաջ հաստատությունների դիմակայությունը բարձրացնելու ուղղությամբ՝ մշակելով ու հաստատելով դիմակայության ապահովման ծրագրեր։ 

Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է այս տարվա սեպտեմբեր 13-14-ին Հայաստանի վրա տեղի ունեցած ագրեսիվ հարձակման պայմաններում ու նաև դրանից հետո Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կատարած աշխատանքն ու դժվարությունները՝ նկատի ունենալով մարդու իրավունքների խախտումների համատարած բնույթն ու պատերազմական հանցագործությունների մեծ թիվը։ 

Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ղեկավարները քննարկել են նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի 2023 թվականի գործունեության նախնական ծրագիրը, ներկայացրել դիտարկումներ և առաջարկություններ։

Նմանատիպ նյութեր