211652_close_icon
views-count959 դիտում article-date 13:43 23-11-2022

ՄՊՀ-ն տնտեսվարողներին հորդորում է ձեռնպահ մնալ «Սև ուրբաթ»-ի ժամանակ կիրառվող խախտումներից

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին «Սև ուրբաթ»-ի ժամանակ հաճախակի կիրառվող զեղչերի և այլ ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները: Հիշեցնում ենք, որ այս տարվա հուլիսի 31-ից ուժի մեջ են մտել Հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները, որոնցով կարգավորումներ են սահմանվել զեղչերի և այլ ակցիաների համար: Ըստ այդմ՝

· ապրանքի կամ ծառայության գինը զեղչվում է նախորդ ամսվա միջին գնից,

· ակցիա իրականացնողն ապահովում է միջին եւ զեղչված գների միաժամանակյա տեսանելիությունը սպառողի համար,

· միջակայքով զեղչի դեպքում առավելագույն շեմով զեղչը  կիրառվում է ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն 1/5-րդի նկատմամբ: Օրինակ՝ եթե հայտարարվում է  20-70% կամ մինչեւ 70%  զեղչ 100 ապրանքի համար, դրանցից առնվազն 20-ը պետք է զեղչվի 70%-ով,

· զեղչերի եւ այլ ակցիաների իրականացման առավելագույն ժամկետը 3 ամիս է,

· ակցիա իրականացնողը չի կարող ապրանքի հետ նվեր տալ՝ միաժամանակ տվյալ ապրանքի գնի այնպիսի բարձրացում իրականացնելով, որով նվերի գինը մասնակի կամ ամբողջությամբ կներառվի այդ գնի մեջ,

· նոր պահանջներ են սահմանվել նաև ակցիաների իրազեկման համար, մասնավորապես պարտադիր պետք է նշվի ակցիայի բնույթը, մեկնարկի և ավարտի օրերը և այլն, իսկ ակցիայի պայմանների վերաբերյալ հրապարակման բովանդակության ամենամեծ և ամենափոքր տառաչափերի տարբերությունը չի կարող երկու անգամից ավելի լինել:

Oրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող ակցիայի իրականացումը կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, որի դեպքում կարող է նշանակվել տուգանք տնտեսավարողի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ 5 %-ի  չափով:

Նմանատիպ նյութեր