211652_close_icon
views-count1421 դիտում article-date 10:30 22-11-2022

Պատգամավոր ամուսինները Թբիլիսիում ժամանակ են անցկացնում, իսկ Լարսի հերթերն ավելանում են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայկական բեռնատարները, որոնց թիվը մի քանի հազարի է հասնում, դեռեւս չեն կարողանում հատել Լարսի անցակետը։ Բեռնատարների շարասյունը մինչեւ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մատույցներն է հասնում։ Հերթի մեջ մնացած բեռանատարների վարորդներն ահազանգում են, որ դեպի Ռուսաստանի Դաշնություն հիմնականում սնունդ, միրգ ու բանջարեղեն են տանում, ինչը ժամանակի ընթացքում փչանում, անպիտան է դառնում։ Հետեւաբար՝ մեծ չափերի ու գումարների վնաս են կրում։ Դեռ չասած՝ երկու շաբաթից ավելի հերթի մեջ գտնվող մարդկանց տարրական՝ կենցաղային ու հիգիենիկ խնդիրները:

ArmLur.am-ը Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ արդյոք քննարկվել է այս թեման։ Սիմոնյանը վրաց պաշտոնյաների հետ Լարսում բեռնատար մեքենաների հերթի թեման շոշափե՞լ է, ու արդյո՞ք եղել է դրական ինչ-որ արձագանք»,- հարցրինք Խաչատրյանից։

Ի պատասխան՝ նա հղում արեց Ալեն Սիմոնյանի՝ վրաց պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումներից հետո հրապարակված պաշտոնական հաղորդագրություններն՝ ասելով. «Այդ հաղորդագրություններում տեղ գտած ինֆորմացիան ընդունեք ելակետային»։ Իսկ «ելակետայինն» այն է, որ Լարսում այս օրերին տիրող իրավիճակի մասին պաշտոնական հաղորդագրություններում որեւէ տող չկա։ Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Սիմոնյանը, ընդհանուրի համատեքստում, ասել է, որ նաեւ տրանսպորտի հետ կապված հարցերն են քննարկել։ Ամենայն հավանականությամբ խոսակցությունը կամ բանակցությունը ցանկալի արդյունք կամ ընթացք չի ունեցել:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի հետ Թբիլիսի էին մեկնել ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Հակոբ Ասլանյանը, Սարգիս Խանդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Լենա Նազարյանը եւ նրա ամուսին Նարեկ Բաբայանը: Եվ այս թվով պատգամավորները ոչինչ չեն արել Լարսի՝ կիլոմետրով ձգվող հերթերի հարցը կարգավորելու ուղղությամբ. միայն ԱԺ նախագահի կես խոսքն է ու վերջ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր