211652_close_icon
views-count1031 դիտում article-date 14:40 19-11-2022

Սահմանին ԵՄ դիտորդական առաքելության ծավալման ժամկետների երկարաձգման կարիք կա. Արսեն Թորոսյանի այցը Լիտվա

ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Լիտվա։ Այս մասին նա տեղեկացնում է Ֆեյսբուքի իր էջում.

«Վիլնյուս կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ ունեցա Լիտվայի խորհրդարանի՝ Սեյմի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժիգամանտաս Պավիլիոնիսի հետ։ Հանդիպումների ժամանակ խոսել ենք հայ-լիտվական հարաբերությունների բարձր մակարդակի, ինչպես նաև դրանք հետագայում ավելի խորացնելու անհրաժեշտության մասին։ Քննարկել ենք նաև Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման կարևորության և այդ ուղղությամբ գործնական քայլեր իրականացնելու հարցը։

Անդրադարձ եղավ նաև մեր տարածաշրջանում եղած անվտանգային իրավիճակին։ Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատային շնորհակալություն հայտնեցի Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 12-14-ը իրականացված ագրեսիան դատապարտող հայտարարության համար։ Գործընկերներիս ուշադրությունը հրավիրեցի հայ-ադրբեջանական սահմանին ծավալված ԵՄ դիտորդական առաքելությանը, որպես տարածաշրջանային անվտանգության նոր ներդրված կարևոր մեխանիզմ։

Հատուկ շեշտեցի, որ կարիք կա դրա ծավալման ժամկետների երկարացման, ինչը թույլ կտա առավել երկար ժամանակով կայունություն բերել տարածաշրջան, որպեսզի հնարավոր լինի հասնել երկարատև խաղաղության երկու երկրների միջև։

Հ.Գ. պաշտոնական հանդիպումներից զատ, նաև ոչ պաշտոնական հանդիպում եմ ունեցել Լիտվայի առողջապահության նախկին նախարար, այժմ Սեյմի պատգամավոր Աուրելիուս Վերիգայի հետ, ում հատուկ շնորհակալություն եմ հայտնել կովիդի առաջին ալիքի ժամանակ մեր երկրին տրամադրած մեծ օժանդակության համար, երբ մեր համար ամենածանր ժամանակահատվածում լիտվացի բուժաշխատողների խումբը օգնության հասավ հայ բուժաշատողներին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր