211652_close_icon
views-count3222 դիտում article-date 23:57 17-11-2022

Հայկական ֆինանսական տեխնոլոգիաները դուրս կգան միջազգային շուկա. Երևանում VISA-ի և Idram-ի միջև հուշագիր է ստորագրվել

Թվային վճարումների գծով առաջատար VISA ընկերությունը և Հայաստանի առաջատար թվային և ֆինանսական հարթակ Իդրամ ֆինտեխ ընկերությունը նոյեմբերի 16-ին Երևանում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր Կենտրոնական Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի շուկաներում համագործակցության վերաբերյալ՝ առաջադեմ ֆինտեխ լուծումներ տրամադրելու նպատակով։ Հուշագիրը ստորագրեցին Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը և VISA ընկերության Կովկասի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։

Հուշագիրը ենթադրում է ռազմավարական համագործակցություն և Իդրամ ընկերության տեխնոլոգիական լուծումների համատեղ առաջխաղացում  նշված շուկաներում։

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը նշեց, որ Իդրամը Հայաստանում արդեն ունի ռազմավարական համագործակցության հաջող օրինակ IDBank-ի հետ։ «Այժմ ոգեշնչված ենք CEMEA (Կենտրոնական Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի) շուկաներում VISA ընկերության հետ համատեղ այն ապրանքների և լուծումների առաջխաղացման հնարավորություններով, որոնք հաջողությամբ իրականացնում ենք հայկական շուկայում։ Այդ լուծումներից են անհպում վճարումները, թվային հավատարմության համակարգերը, BNPL-ը՝ գնիր հիմա, վճարիր հետո, և այլն։ Կարծում եմ, որ VISA ընկերությունը արժևորել է Idram ընկերության ներուժը և հնարավորությունները: Շնորհավորում եմ, հաջողություն եմ մաղթում արդեն կայացած և սպասվելիք համագործակցության վերաբերյալ»,- ասաց նա։

Դիանա Կիգուրաձեն ընդգծեց, որ VISA ընկերության համար կարևոր է ընդլայնել գործընկերությունը Հայաստանում ոչ միայն բանկերի, այլև ֆինտեխ ընկերությունների հետ։ Նա նշեց, որ ընկերության օրակարգում է թվային վճարումների ընդլայնումը և նորարարական լուծումների ներդրումն այն երկրներում, որտեղ ընկերությունն աշխատում է։ Դիանա Կիգուրաձեն  վստահություն հայտնեց, որ այդ համագործակցությունը հրաշալի հնարավորություն կընձեռի Հայաստանում անկանխիկ հասարակություն զարգացնելու համար։

VISA ընկերության ավագ տնօրեն, Կենտրոնական Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի երկրների հետ ռազմավարական համագործակցության հարցերով ղեկավար Եվգեն Լիսնյակը պատմեց, որ Իդրամի կողմից առաջարկվող լուծումները կարող են հետաքրքիր լինել իրենց գործընկերների համար մնացած 98 երկրներում։ Նա պատրաստակամություն հայտնեց Իդրամի հետ կիսվելու յուրաքանչյուր շուկայի տնտեսական վիճակի և ֆինտեխ լանդշաֆթի վերաբերյալ իրենց տվյալներով ու գիտելիքներով, որպեսզի այն կարողանա ռազմավարական որոշումներ կայացնել այդ շուկաներ մուտք գործելու վերաբերյալ։ «Ու եթե մեր գործընկերները և այլ շուկաները հետաքրքրություն ցուցաբերեն Իդրամի տեխնոլոգիաների նկատմամբ, ապա մենք կաջակցենք դրանց ներդրմանը»,- ասաց նա։

Լիսնյակը հստակեցրեց, որ այս հուշագրով VISA-ն ֆինանսական որևէ պարտավորություն չի ստանձնում, և խոսքը Իդրամի հայկական տեխնոլոգիաների այլ շուկաներում առաջխաղացման համար ջանքերի համատեղման մասին է։

Իդրամ ընկերության կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը հայտնեց, որ Իդրամն առաջին ու միակ հայկական ընկերությունն է, որ նման հուշագիր է ստորագրում VISA ընկերության հետ։ «Շատ ուրախ ենք, որ մեր պրոդուկտների նկատմամբ հետաքրքրություն կարող է առաջանալ նաև միջազգային շուկայում և ուրախ ենք, որ VISA-ի հետ համատեղ կկարողանանք նաև մտածել և խոսել այդ պրոդուկտների մասին այդ շուկաներում»,- ասաց նա։

Ընկերության տնօրենը Idram-ի և VISA-ի համագործակցության մասին թվեր ներկայացրեց.  

  • վերջին երկու տարվա ընթացքում Idram-ի միջոցով օնլայն պատվիրվել է 100 000-ից ավելի VISA քարտ, 40 000-ից ավելի VISA DIGITAL քարտ
  • Հայաստանում քարտից քարտ փոխանցումների 40 տոկոսից ավելին իրականացվում է Իդրամի միջոցով

«Կարծում եմ` այս թվերը խոսուն են, և նաև դրանով են հիմնավորվում այս հարաբերությունները, որոնք կբերեն նոր զարգացումների, և հուշագրի ստորագրումը նոր փուլ կլինի Իդրամի համար՝ միջազգային շուկաներ դուրս գալու տեսանկյունից»,- ասաց նա։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու է VISA ընկերությունն ընդլայնում իր գործունեությունը Հայաստանում` Դիանա Կիգուրաձեն նշեց, որ VISA-ն մշտապես նոր հնարավորություններ է փնտրում տարբեր շուկաներում ընդլայնվելու համար, և իրենց ռազմավարությունն է աջակցել ֆինտեխին այնտեղ, որտեղ տեսնում են նման ներուժ։

«Երբ ինձ ցույց տվեցին, թե ինչպես է աշխատում Idram-ը, իմ առաջին արձագանքն էր՝ վաու», - այսպես պատասխանեց Եվգեն Լիսնյակն այն հարցին, թե ինչու է VISA-ն Հայաստանում որպես գործընկեր ընտրել Իդրամը։ «Ինձ տպավորեց այն, որ այդ Իդրամով կարելի է վճարել  13 000 ավելի վաճառկետերում»,- ասաց նա։ Եվ հակադարձ հարց ուղղեց Idram-ին՝ իսկ ինչո՞ւ են նրանք ընտրել VISA-ն։

Արսեն Քդենյանը նորից հիշեցրեց VISA-ի ու Իդրամի համագործակցության թվային ցուցանիշները, և նշեց, որ չորս տարվա ընթացքում Իդրամը մշտապես դրական արձագանքներ է ստացել հաճախորդներից VISA համակարգի մասին։

Idram-ը Հայաստանում առաջատար ֆինտեխ ընկերություն է, որը տրամադրում է և թվային դրամապանակ, և բանկինգ IDBank-ի հետ համագործակցելով՝ Idram&IDBank թվային ֆինանսական հարթակի միջոցով։ Հավելվածի առանձնահատկություններն են.

 400+ առցանց ծառայությունների համար վճարումներ

  • Թվային և պլաստիկ քարտերի առցանց պատվիրում
  • QR և NFC վճարումներ վաճառակետերում, առցանց վեբ և բջջային վճարումներ
  • Գնիր հիմա, վճարիր ավելի ուշ թվային ապառիկ
  • Թվային բանկինգ
  • Ամբողջական հեռավար թվային նույնականացում և շատ ավելին

VISA-ն թվային վճարումների համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի հեշտացնում է գործարքները սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների և պետական կառույցների միջև ավելի քան 200 երկրներում և տարածաշրջաններում։ Ընկերության առաքելությունն է միացնել աշխարհը ամենանորարար, հարմար, հուսալի և անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ անհատներին, բիզնեսներին և տնտեսություններին հնարավորություն տալով բարգավաճել։

Նմանատիպ նյութեր