211652_close_icon
views-count1090 դիտում article-date 22:13 14-11-2022

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը 1 մլն դրամով տուգանել է «ԱԼՄԱՎ» ՍՊԸ-ին՝ տեխնիկական անվտանգության ռեեստրում չգրանցվելու և փորձաքննություն չանցնելու հիմքով 

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները վերահսկողություն են իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի 162 հասցեում՝ «ԱԼՄԱՎ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող հեղուկ ածխաջրածնային գազեր (ՀԱԳ) լցակայանում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ:
      
Վերահսկողության արդյունքում ՏՄ-ն պարզել է, որ նշյալ ՀԱԳ լցակայանը, որպես արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ), շահագործվում է առանց ԱՎՕ-ների ռեեստրում գրանցման և առանց ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության՝ խախտելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի այն պահանջները, որոնց համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտները պետք է գրանցվեն ԱՎՕ-ների հաշվառման գրանցամատյանում՝ ռեեստրում, ինչպես նաև տարեկան առնվազն մեկ անգամ տեխնիկական անվտանգության փորձաքննություն անցնեն։
        
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով՝  Տեսչական մարմնի կողմից կայացվել է վերոնշյալ հասցեում շահագործվող ՀԱԳ լցակայանի հետագա շահագործման դադարեցման որոշում, և տնտեսավարողի առջև պահանջ է դրվել՝ որոշման ստացման պահից սկսած՝ 2 օրվա ընթացքում ամբողջությամբ դատարկել և չեզոքացնել պահեստարաններում առկա վառելիքը՝ մինչև համպատասխան փորձաքննության անցկացման և դրական եզրակացություն ստանալը։

Բացի այդ, հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով, «ԱԼՄԱՎ» ՍՊ ընկերությունը Տեսչական մարմնի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ արտադրական վտանգավոր օբյեկտն առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման շահագործելու համար՝ վերջինիս նկատմամբ կիրառելով վարչական տույժ՝ տուգանք՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով։
 

Նմանատիպ նյութեր