211652_close_icon
views-count1217 դիտում article-date 20:29 11-11-2022

Գերեզմանատան վարիչին մեղադրանք է ներկայացվել կաշառք պահանջելու և ստանալու համար. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Բ. Հ. - ն, զբաղեցնելով Երևան քաղաքի գերեզմանատներից մեկի վարիչի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, Է. Պ. - ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ կաշառք:

Մասնավորապես` 2022թ. մայիսին Բ. Հ.-ն իր գործառութային պարտականություններն իրականացնելիս հայտնաբերել է, որ գերեզմանատանը հուղարկավորված Մ. Պ. - ի գերեզմանատեղիի չափերը գերազանցում են օրենսդրությամբ սահմանված 2.5x5 քմ-ն, որից հետո, հայտնաբերված խախտման կապակցությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու փոխարեն, զանգահարել է հանգուցյալի որդուն՝ Է. Պ. - ին, ներկայացրել հայտնաբերված խախտումը, այնուհետև հանդիպել վերջինիս և խնդիրը կարգավորելու համար նրանից պահանջել կաշառք: Արդյունքում` Բ. Հ. - ն 2022 թ. մայիսի 12-ին Է. Պ. - ի կնոջ կողմից կատարված բանկային փոխանցմամբ Է.Պ. - ից որպես կաշառք ստացել է 200.000 ՀՀ դրամ, ինչի դիմաց դրսևորելով ակնհայտ ապօրինի անգործություն՝ ձեռնպահ է մնացել իր գործառութային պարտականությունները կատարելուց:

Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Բ. Հ. - ին մեղադրանք է ներկայացվել արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի  (ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ին և ուժը կորցրել 2022 թվականի հուլիսի 1-ին) 311-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Է. Պ.-ին` 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր