ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մի շարք օրինագծեր քննարկել է երկրորդ ընթերցման ընթացակարգով
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 9-ի նիստում մի շարք օրինագծեր քննարկել է երկրորդ ընթերցման ընթացակարգով:
Կառավարության հեղինակած ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո մնացել էր անփոփոխ: Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի տարածքում քաղաքաշինության բնագավառում համապատասխան թույլտվությամբ նախատեսվող քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների չկատարման, կամ առանց քանդման թույլտվության քանդման/ապամոնտաժման աշխատանքների կատարման նկատմամբ (պատվիրատուների եւ կատարողների) պատասխանատվության միջոցների կիրառման ապահովումը, վարչական պատասխանատվության ենթարկելու իրավակարգավորման օրենսդրորեն ամրագրումը: Փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Քննարկվել է նաեւ ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի ընդունմամբ, մասնավորապես, ակնկալվում է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորվող սուբյեկտների համար ձեւավորել հստակ, բարենպաստ եւ ամբողջական իրավական միջավայր՝ իրականացվելիք գործողությունների հստակ հերթականությամբ եւ հնարավորինս պարզեցված պայմաններով՝ փոխկապակցված կառուցապատվող օբյեկտի ռիսկայնության աստիճանի հետ:
Հիմնական զեկուցող, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենսդրական փաթեթն էական բովանդակային փոփոխությունների չի ենթարկվել:
Այս նախագծերին նույնպես հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
Դրանք կքննարկվեն ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում: