211652_close_icon
views-count2172 դիտում article-date 09:49 03-11-2022

Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով առերեսումների շարք է սկսվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով առերեսումների շարք է սկսվել: Նախաքննական մարմինը Արցախի պաշտպանական բանակի հրամանատարների եւ այլ անձանց է հրավիրում հարցաքննության, առերեսում ՊԲ նախկին հրամանատարի հետ:

Նկատենք, որ սովորաբար առերեսումներ են իրականացվում այն ժամանակ, երբ քրեական վարույթով հակասություններ են առաջանում գործով անցնող անձանց ցուցմունքներում: Դա է պատճառը, որ քննիչը Միքայել Արզումանյանին եւ գործով անցնող այլ անձանց նստեցրել է դեմ-դիմաց եւ կոնկրետ հարցադրումներ արել:

Նկատենք, որ Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ:

Ի դեպ, գրել էինք, որ մինչեւ նրան մեղադրանք առաջադրելը վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաեւ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատել էր տեղեկությունը:

Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր