ՀՀ ԿԸՀ նախագահ Հովակիմյանը Բիշքեկում ներկայացրել է ՀՀ ընտրողների նույնականացման էլեկտրոնային համակարգը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը Բիշքեկում կայացած «Ընտրական առաջարկությունների կատարման լավ պրակտիկան» կլոր սեղանի քննարկմանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընտրողների նույնականացման էլեկտրոնային համակարգը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԸՀ-ից, Հովակիմյանը հիշեցրել է, որ ընտրողների նույնականացման սարքավորումները (VAD) ներդրվել են 2016 թվականին ընդունված Ընտրական օրենսգրքի պահանջով: Սարքերն առաջին անգամ կիրառվել են 2017 թվականի խորհրդարանական հերթական, այնուհետև 2018 և 2021 թվականների արտահերթ ընտրություններում։ 2018-ից սկսած դրանք կիրառվում են նաև ՏԻՄ ընտրություններում։
Ըստ աղբյուրի՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը հոկտեմբերի 26-ից 27-ը աշխատանքային այցով Բիշքեկում էին (Ղրղզստանի Հանրապետություն): ԿԸՀ անդամներին հրավիրել էր ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատեո Մեքաչին։
Քննարկմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ Ուզբեկստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Ալբանիայից և հյուրընկալող երկիր Ղրղզստանից։