211652_close_icon
views-count2075 դիտում article-date 21:30 28-10-2022

Հայաստանը, որն ունի նման աշխարհասփյուռ ռեսուրս, չպետք է ունենար այն խնդիրները, որ ունի. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր՝ հոկտեմբերի 28–ին,  մասնակցել է Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի բացման արարողությանը:

Ինչպես տեղեկանում ենք Կառավարությունից, միջոցառմանը ներկա են եղել նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, տարբեր ոլորտներ ներկայացնող սյուռքահայ բազմաթիվ գործիրչներ, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.

«Արցախի մեծարգո նախագահ,

Ազգային ժողովի հարգելի նախագահ,

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար,

պետական այրեր,

հարգելի հյուրեր,

սիրելի հայրենակիցներ,

Ողջունում եմ Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի անցկացումը եւ նրա բոլոր մասնակիցներին: Հայաստան-Սփյուռք երկխոսության համատեքստում այս հավաքն իրավամբ սպասված եւ տեղին է, մանավանդ այս օրերին, երբ բոլորին ակնհայտ է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները բովանդակային, սոցիալ-հոգեբանական, կազմակերպչական խորը փոփոխությունների են ենթարկվում՝ անկախ մեր կամքից:

Այդ փոփոխությունները տեղի են ունենում ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը ցանկանում է դա, այլ որովհետեւ գլոբալ պրոցեսներն են պարտադրում նման փոփոխոություններ: Այդ փոփոխությունները կապ չունեն ոչ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, ոչ էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգության հետ: Թե հեղափոխությունը, թե պատերազմն առիթ էին, որ մենք արձանագրենք ակնհայտը, իսկ ակնհայտ է այն, որ ժամանակն անխուսափելի ազդեցություն է թողնում նաեւ հայկական Սփյուռքի էության եւ բովանդակության վրա:

Ի՞նչ է նշանակում սփյուռքահայ մի դարաշրջանում, երբ մարդը կարող է շաբաթվա 7 օրն անցկացնել 6 տարբեր աշխարհամասերում: Ի՞նչ է նշանակում լինել սփյուռքահայ մի պայմաններում, երբ աշխարհի ցանկացած վայրից կարելի է վայրկյանների ընթացքում նամակ, լուսանկար ու տեսանյութ ուղարկել եւ ստանալ, ուղիղ տեսակապ հաստատել ցանկացածի հետ օրվա մեջ 24 ժամ: Ի՞նչ է նշանակում համայնքային կյանք մի պայմաններում, երբ հայ գրականությունը, հայկական մամուլը, գրքերն ինտերնետի միջոցով հասանելի են ցանկացած ժամանակ եւ ցանկացած վայրում, եւ ցանկացած հայ ցանկացած պահի կարող է խոսել ցանկացած այլ հայի հետ՝ գեներացնել, կիսել, տարածել ցանկացած գաղափար մի պայմաններում, երբ Հայաստանն ինտերնետի հասանելիությամբ ու ազատությամբ աշխարհի առաջատար երկրների ցանկում է:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանելը չափազանց կարեւոր է բոլորիս համար: Եվ մենք կարծում ենք, որ այս հարցերի պատասխանները Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի հարաբերություններում շատ բան են փոխելու: Նման բան կարծում ենք այն համոզմունքով, որ աշխարհասփյուռ հայությունը մեծ ներուժ է: Եվ նման աշխարհասփյուռ ռեսուրս ունեցող երկիրը՝ ինչպիսին է Հայաստանը, չպետք է ունենար այն խնդիրները, որ ունի: Իսկ եթե ունի՝ նշանակում է մենք շատ բան սխալ ենք արել եւ անում ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:

Ամենամեծ սխալն, իմ կարծիքով, այն է, որ Հայաստան-Սփյուռք խոսակցությունը սովորաբար սկսվում, ընթանում եւ ավարտվում է մեզ հայտնի, կամ ինչպես ընդունված է ասել՝ համազգային հավանության արժանացած ճշմարտություններով: Սա, իհարկե, վատ չէ: Սա նույնիսկ լավ է, բայց անթերի չէ այն իմաստով, որ չի ընդլայնում ինքներս մեր եւ աշխարհի մասին մեր ունեցած պատկերացումները: Սա էլ իր հերթին հնարավորություն չի տալիս, որ մենք բավարար արագությամբ ընկալենք եւ արձանագրենք աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին, ասել է թե օգտվենք հնարավորություններից եւ կառավարենք մարտահրավերները:

Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը տեղի է ունենում մի պայմաններում, երբ աշխարհի, տարածաշրջանի, նույնիսկ ինքներս մեր մասին շատ պատկերացումներ, երազանքներ սասանվել են, երբեմն նույնիսկ փլուզվել: Մեր առաջարկն ու պատկերացումն է՝ ոչ թե մնալ այդ փլատակների տակ, այլ փորձել գտնել նոր հնարավորություններ, փորձել հատկապես Հայաստանի Հանրապետությունը դարձնել նոր պատկերացումների, նոր երազանքների, նոր մոտեցումների ձեւավորման եւ զարգացման մի հարթակ՝ առանցքում ունենալով Հայաստանի անկախ, ինքնիշխան, անվտանգ, ազատ, զարգացած, ժողովրդավարական հանրապետություն, որովհետեւ ցանկացած հայ գլոբալացված աշխարհի ցանկացած վայրում կարող է ունենալ ցանկացած բան՝ բարեկեցություն, աշխատանք, փող, ընտանիք: Եվ բացառություն է միայն մեկ բան, եւ այդ մեկ բանը Հայաստանի Հանրապետությունն է, որի քաղաքացի լինելու հպարտությունն ու երջանկությունը կրում են դահլիճում ներկա մարդկանց մեծամասնությունը:

Համամաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը նպատակ ունի դառնալ այն մարդկանց հարթակ եւ հանդիպման վայր, ովքեր ուզում են եւ պատրաստ են Հայաստանի Հանրապետության պետական շահը դարձնել համահայկական օրակարգ, իրենց ներդրումն ունենալ այդ շահի առաջ մղման գործում, աջակցել պետականության ինստիտուցիոնալ կայացմանն ու ռազմավարական զարգացմանը՝ որպես 21-րդ դարի մարտահրավերներին համարժեք, արդիական պետություն:

Շնորհակալ եմ բոլորիդ մասնակցության եւ պատրաստակամության համար»:

Գագաթնաժողովն ընդհանուր առմամբ ունենալու է 8 պանելային քննարկում եւ 17 համաժամանկյա նիստ՝ քննարկելով Հայաստանի անվտանգությունից մինչեւ աշխարհում հայկական շահերի պաշտպանություն, հայրենադարձությունից մինչեւ կրթություն, առողջապահություն եւ գյուղատնտեսություն, ճգնաժամային համայնքներից մինչեւ Սփյուռքի երիտասարդությանն առնչվող հարցեր: Գագաթնաժողովն ունի 600 մասնակից 50 երկրներից: Հանդես են գալու ավելի քան 100 բանախոսներ 15 երկրներից:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայ Առաքելական եկեղեցին (ներառյալ Կիլիկիո կաթողիկոսարանը) հայտարարել էր, որ չեն մասնակցելու գագաթնաժողովին։ Հոկտեմբերի 28-31-ը Երեւանում անցկացվող Համաշխարհային հայկական գագաթնաժողովին չի մասնակցում նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը։

Նմանատիպ նյութեր