211652_close_icon
views-count1068 դիտում article-date 14:24 21-10-2022

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի ԱԳՆ-ների միջև. քննարկվել է քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ

Հոկտեմբերի 20-ին Լիսաբոնում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, իսկ պորտուգալական կողմից՝ Պորտուգալիայի ԱԳՆ Եվրոպական հարցերի դեպարտամենտի ղեկավար Պաուլո Սանտոշը: Խորհրդակցություններին մասնակցում էր նաև Պորտուգալիայում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը։ Հայտնում է ԱԳՆ-ն։

Ընդգծելով, որ այս տարի նշվում է հայ֊պորտուգալական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը՝ կողմերը հանգամանալից քննարկեցին երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ գործընկերությանը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկմանը և Հայաստանում ընթացող լայնածավալ բարեփոխումների գործընթացներին։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլեր, մտքեր փոխանակվեցին ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու և թիրախավորված նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտության շուրջ։ Երկուստեք կարևորվեց նաև միջազգային հարթակներում շարունակական համագործակցությունը։

Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումներին։ Արա Մարգարյանը պորտուգալական կողմին մանրամասն ներկայացրեց  44֊օրյա պատերազմի և Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի մանրամասներն ու հումանիտար հետևանքները: Վերահաստատվեց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման հրամայականը՝ այս համատեքստում անհրաժեշտ համարելով գործընկեր պետությունների հասցեական հայտարարությունները։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման ձևաչափով շփումներին հաղորդել կանոնավոր բնույթ։

Նմանատիպ նյութեր