211652_close_icon

Հաճելի խոսքերից այն կողմ․ «Առավոտ»

views-count2041 դիտում article-date 10:58 15-10-2022
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Խնդիրն այն է, որ սառնասիրտ, իրատեսական վերլուծությունների պահանջարկ Հայաստանում չկա, իսկ պատրանքները պայմանավորված են մեր ժողովրդի միամիտ հավատի վրա, որ դրսում կան ինչ-որ բարի եւ, միաժամանակ, հրաշագործ ուժեր կամ գործիչներ, որոնք մեզ կպաշտպանեն ու կապահովեն մեր բարեկեցությունը:

Նման հավատի հերթական «բռնկումն» էին առաջացրել Էմանուել Մակրոնի՝ հարցազրույցի ժամանակ արտասանած ջերմ խոսքերը Հայաստանի եւ հայ ժողովրդի հասցեին: Ֆրանսիայի նախագահը մասնավորապես անդրադարձել է, այսպես ասած, «նյութականի» եւ «հոգեւորի» փոխհարաբերակցությանը. «Եվրոպական մի քանի երկրներ գազային պայմանագրեր ունեն, իհարկե։ Իսկ ինչ վերաբերում է Ֆրանսիային ու Եվրոպայի ձայնին, ապա ուղիղ ձեր աչքերի մեջ նայելով ու մեր բոլոր հայրենակիցների առաջ պետք է ասեմ, որ մեր արժեքները և մեր սկզբունքները հնարավոր չէ գնել ո՛չ գազով, ո՛չ նավթով»:

Ինչ խոսք, գեղեցիկ է ասված: Բայց քանի որ Եվրոպան եւ Ֆրանսիան առանձնապես չհուզվեցին, երբ Լեռնային Ղարաբաղի մեծ մասը հայաթափվեց եւ ռազմական ուժի կիրառմամբ գրավվեց Ադրբեջանի կողմից, մնում է ենթադրել, որ մեր հարեւանների այդ գործողությունները միանգամայն տեղավորվում են եվրոպական արժեքային համակարգի մեջ: Գուցե այն պատճառով, որ Արցախը «միջազգայնորեն ճանաչված է» որպես Ադրբեջանի մաս:

Մինչեւ Մակրոնի խոսքերից ուրախանալը, հպարտանալը եւ շոյվելը, մինչեւ ապագա երեխաների անունը «Էմանուել» կամ «Մակրոն» դնելը՝ առաջարկում եմ մտածել, թե գործնական ի՞նչ հետեւանքներ են դրանք ունենալու: ԵՄ առաջիկա գագաթաժողովի ժամանակ արդյո՞ք Ֆրանսիայի նախագահը կառաջարկի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ: Արդյո՞ք մեր սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը կկանխի Ադրբեջանի նոր ագրեսիան: Արդյո՞ք ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամները՝ Ֆրանսիան եւ Թուրքիան, ինչպիսի խորը հակասություններ էլ ունենան, կգնան հարաբերությունների կտրուկ սրման:

Հաշվի առնելով հայկական «թրոլինգի» առանձնահատկությունները՝ գուցե հարց հնչի՝ իսկ ի՞նչ է, Ռուսաստանն ավելի լա՞վն է: Ո՛չ. կարծում եմ, մեր այսօրվա ծանր իրավիճակը պայմանավորված է Ռուսաստանի քաղաքականությամբ, այդ առումով, ի դեպ, Մակրոնի հարցազրույցում տրված գնահատականներն օբյեկտիվ են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր