211652_close_icon
views-count2094 դիտում article-date 10:19 15-10-2022

Վարկով արևային կայան տեղադրելու համար կարող է սուբսիդավորվել ընդհուպ ամբողջ տոկոսադրույքը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունը որոշել է սուբսիդավորել վարկատեսակները, որոնք նախատեսված կլինեն արևային կայան տեղադրելու համար: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց «SolarՕn» ընկերության մարքետինգի ղեկավար Հայկ Հայրապետյանը՝ հավելելով, որ այսպիսով բիզնեսի համար նախատեսված արևային կայանների փոփոխություններից հետո որոշվել է ակտիվություն մտցնել տնային տնտեսությունների, անհատների համար նախատեսված արևային կայանների հայկական շուկայում: Դրա համար կառավարությունը սուբսիդավորում է վերոնշյալ վարկատեսակը, որը նախատեսված է էներգախնայող վերանորոգում իրականացնելու համար:

Հայրապետյանը նաև մանրամասնեց, որ 14 տոկոսանոց վարկը սուբսիդավորվում է հետևյալ կերպ. «Երևանում փաստացի տոկոսադրույքը կկազմի 5 տոկոս, այսինքն՝ 9 տոկոսը սուբսիդավորվում է, այլ քաղաքներում՝ 3, գյուղական բնակավայրերում՝ 2, բարձրլեռնային ու սահմանամերձ համայնքներում՝ 0 տոկոս: Այսինքն՝ այս դեպքում տոկոսադրույքը ամբողջությամբ է սուբսիդավորվում»: Ստացվում է, որ մարդիկ կարող են տարեկան 0-5 տոկոս փաստացի տոկոսադրույքով վարկ ստանալ արևային կայան տեղադրելու համար:

Մեր ունեցած տեղեկություններով, այս վարկատեսակն արդեն իսկ բավականին մեծ աշխուժություն է մտցրել շուկայում, հատկապես սովորական բնակիչների համար, ովքեր ցանկանում են ունենալ այլընտրանքային էներգիա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր