211652_close_icon
views-count1243 դիտում article-date 20:11 14-10-2022

Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական կրթական ծառայությունների լիցենզավորման կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» կարգի նախագիծը:

Նախագծով սահմանվում են լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծառայությանը ներկայացվող պահանջները, որոնք նպատակ ունեն հստակեցնելու և կանոնակարգելու նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների գործունեությունը:

Նախագծով առաջարկվում է սահմանել նախադպրոցական կրթական ծառայությունների ծրագրերը ԿԳՄՍ նախարարի հաստատմանը ներկայացնելու գործընթացը: Ըստ այդմ` նշված ծառայությունների համար պարտադիր կդառնա ՀՀ նախադպրոցական կրթության չափորոշչի պահանջների ապահովումը:

Ըստ նոր կարգի` լիցենզավորման ենթակա նախադպրոցական ծրագրերը  կարող են լինել համալիր (հիմնական) և ըստ բովանդակային բաղադրիչների:

Նախադպրոցական ծրագրով կարող են նախատեսվել կազմակերպման հետևյալ ձևերը՝

պարապմունքներ՝ որպես ուսուցման կազմակերպման հատուկ ձև,

խաղային գործունեության տեսակներ,

օրվա ընթացքում երեխայի ազատ ժամանակի տնօրինում:

Ծրագրի բովանդակությունը կարող է ուղղված լինել խոսքի, լեզվամտածողության, տրամաբանության, գրաճանաչության, ընդհանուր ճանաչողական, շարժողական և ֆիզիկական, հուզակամային և սոցիալ-անձնային զարգացմանը: Ծրագիրը պետք է նաև նպաստի երեխայի աշխարհաճանաչմանը, ինքնուրույնությանը, ստեղծագործական ունակությունների և հնարամտության ձևավորմանը:

Նախադպրոցական ծրագրերին ներկայացվող պահանջներն են՝

համապատասխանությունը նախադպրոցական կրթության չափորոշչին,

կրթության աշխարհիկ բնույթը,

երեխաների և մեծահասակների փոխգործունեության երեխայակենտրոն մոտեցման ապահովումը,

ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը,

նախադպրոցական կրթության բովանդակության մեջ երեխայի խոսքի, տրամաբանության, ֆիզիկական, մտավոր, գեղարվեստական զարգացման, ինչպես նաև իրավունքներին և պարտականություններին, բնագիտության հիմունքներին ծանոթացման ներառումը:

Ծրագիրը՝ որպես անբաժանելի մաս, պետք է ունենա թեմատիկ պլանավորում և  տևողություն: Ըստ այդմ` ծրագրի տևողությունը կարող է սահմանվել մինչև 4 ժամ, 4-9 ժամ, 24 ժամ` շաբաթվա ընթացքում 2, 3, 5-6 անգամ` ծնողի հետ համաձայնեցված ժամանակացույցով:

Ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է նաև պահպանել խմբասենյակի, խաղասենյակի, ննջասենյակի, հանդերձարանի, բուֆետային մասի, մարզադահլիճի, հանդիսությունների դահլիճի, մեթոդկաբինետի՝ ուսումնադիդակտիկ պարագաներով, նյութերով, գույքով հագեցվածության նորմատիվ պահանջները:

Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջների սահմանումը նպատակ ունի առավել դյուրին դարձնելու ծառայություններ իրականացնող կազմակերպությունների կողմից համապատասխան  ծրագրերը ԿԳՄՍ նախարարի հաստատմանը ներկայացնելու գործընթացը:

«Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» կարգի նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկները շահագրգիռ անձիք և ոլորտի կազմակերպությունները կարող են ներկայացնել e-draft.am հարթակում՝ մինչև 2021 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ:

Նմանատիպ նյութեր