211652_close_icon
views-count2186 դիտում article-date 16:00 14-10-2020

Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Նախագիծը դպրոցի կառավարման գործընթացի առավել արդյունավետ և օբյեկտիվ իրականացնելու, խորհուրդների հետագա անկախ, անկաշկանդ և արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակ ունի: Նախագծով նախատեսվում է ներդնել դպրոցական խորհուրդների խոշորացման գաղափարը: Ըստ այդմ՝ առնվազն 3 000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող հաստատությունների դեպքում կձևավորվի առանձին խորհուրդ, իսկ մինչև 3 000 բնակչություն ունեցող բնակավայրերում կամ համայնքներում գործող հաստատությունների դեպքում կգործի միացյալ խորհուրդ՝ ներառելով առավելագույնը երեք հաստատություն: Համաձայն նախագծի՝ առանձին խորհուրդը բաղկացած է 11, իսկ միացյալ խորհուրդը` առավելագույնը 19 անդամից: «Ներդրվելու է նաև խորհուրդների անդամների ռոտացիայի սկզբունք՝ սահմանելով, որ նույն անդամը չի կարող ընդգրկվել խորհրդի կազմում ավելի քան երկու անգամ: Սրանով գործընթացը կդառնա առավել մասնակցային, և ավելի մեծ թվով մանկավարժներ ու ծնողներ հնարավորություն կստանան ներգրավվել խորհրդի աշխատանքներում։ Ըստ նախագծի՝ ընդլայվելու է խորհրդում ներգրավվելու իրավունք ունեցող մանկավարժների շրջանակը՝ հանելով տվյալ հաստատությունում առավելագույնը երեք տարի ստաժ ունենալու պահանջը»,- նշում են նախարարությունից։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է նաև, որ խորհրդի ձևավորման կարգի փոփոխությունից հետո սահմանված ժամանակահատվածում պետք է իրականացվեն գործող հաստատությունների խորհուրդների ամբողջությամբ վերաձևավորելու գործընթացներ: Ներկայում դպրոցների կառավարման խորհուրդներին վերապահված է լիազորությունների լայն շրջանակ։ Ոլորտում արվող հետազոտությունները, դպրոցների գործունեության պարբերական մոնիտորինգի տվյալները, ինչպես նաև հանրային լայն հնչեղություն ստացող առանձին դեպքեր ցույց են տալիս, որ այդ խորհուրդները ոչ միշտ են գործում իբրև դպրոցի կոլեգիալ կառավարման մարմին և հիմնականում ձևավորվում են մեկ գլխավոր նպատակի՝ տնօրենի ընտրության համար, որն էլ իր հերթին ստվերում է խորհրդի մյուս լիազորությունները։

Նմանատիպ նյութեր