211652_close_icon
views-count1125 դիտում article-date 10:38 14-10-2022

Պատերազմ տեղեկատվական հարթակում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ադրբեջանը շարունակում է տեղեկատվական պատերազմը՝ այդ ուղղությամբ ներգրավելով մեծ ֆինանսական ռեսուրսներ: Միջազգային հարթակներում լոբբիստական բնույթի հոդվածների եւ ելույթների պատվիրումից բացի, Բաքուն հայկական պետությունների դեմ օգտագործում է հաքերների մեծ խմբավորում:

Վերոնշյալի համատեքստում՝ սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայքեր էին կոտրել։ Նման կայքերի թվում են եղել ինչպես պետական մարմինների, այնպես էլ տարբեր առեւտրային, հասարակական կազմակերպությունների, անհատների անձնական կայքեր։ Հատկանշական է, որ կոտրվել են ինչպես հայաստանյան, այնպես էլ Արցախի պետական կառույցների կայքերը: Ադրբեջանցիներն այդ գործողությունների միջոցով իրենց կեղծ քարոզչությունն են տարածել կոտրված կայքէջերում: Հակերային հարձակման էին ենթարկվել նաեւ Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնող արտասահմանյան ընկերությունների, մասնավորապես՝ ՌԴ-ն ներկայացնողների կայքերը:

Այս ամենը փաստում է, որ Ադրբեջանը նույն ինտենսիվությամբ շարունակում է  պատերազմական գործողությունները, որը ներկայում առավել ակտիվ է տեղեկատվական ոլորտում: Վերջինս, տեխնոլոգիաների մեր դարաշրջանում, առաջնային նշանակություն ունի պետությունների անվտանգային համակարգում: Ռազմի դաշտից հետո, թերեւս, այն այսօր իր կարեւորությամբ երկրորդն է։

Վերջին հակերային հարձակումն ահազանգ է պատասխանատու մարմինների համար՝ խնդրին ավելի լուրջ եւ հետեւողական մոտեցում ցույց տալու համար: Հայաստանը «ռազմաճակատի» այս հատվածում միանշանակ ռեսուրսի պակասի խնդիր չունի: Այստեղ արդյունքի հասնելու համար պետք է աշխատանքները համակարգվեն: Առաջին հերթին պետք է բացահայտվեն Ադրբեջանի կողմից նման հակերային հարձակումները հաջողելու պատճառները՝ ուժեղացնելով համակարգային անվտանգության գործիքները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր