211652_close_icon
views-count2298 դիտում article-date 19:22 13-10-2022

Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման պատասխանը կհանգեցնի ռուսական բանակի ոչնչացմանը․ Բորել

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուգգենում՝ Եվրոպական դիվանագիտական ակադեմիայում, հանդես է եկել ելույթով, որի ընթացքում նախազգուշացրել է, որ Արևմուտքը կտա հզոր ռազմական պատասխան այն դեպքում, եթե ռուսները միջուկային զենք կիրառեն Ուկրաինայում: Գրում է «Ազատությունը»։

«Միջուկային հարձակումը պատասխան կստանա Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների կողմից: Այն չի լինի միջուկային, բայց ռազմական տեսակետից դրա հզորությունը շատ մեծ կլինի, այնքան մեծ, որ կհանգեցնի ռուսական բանակի ոչնչացմանը»,- ասել է Բորելը:

Եվրամիության դիվանագիտության ղեկավարը նաև արձագանքել է նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս հնչեցրած աղմկահարույց հայտարարությանը, թե «Ռուսաստանը բլեֆի չի դիմում, երբ ասում է, որ բոլոր միջոցներով կպաշտպանի սեփական տարածքը»:

«Արևմտյան երկրներն էլ բլեֆի չեն դիմում, երբ նախազգուշացնում են Ուկրաինայում միջուկային զենքի օգտագործման հետևանքների մասին»,- ասել է Ժոզեպ Բորելը:

Միաժամանակ նա հայտարարել է, որ անհրաժեշտ է որոնել առճակատման դիվանագիտական ուղիներ, հավելելով, որ Եվրոպական միությունը կշարունակի աջակցություն տրամադրել ագրեսիայից պաշտպանվող Ուկրաինային:

Նմանատիպ նյութեր