211652_close_icon
views-count58417 դիտում article-date 17:10 11-10-2022

«Գազպրոմը» բացահայտեց Երևանում առեղծվածային պայթյունի հիմնական պատճառը, որը տեղի էր ունեցել Երևանյան լճի հարևանությամբ գործող «D&D» հյուրատանը․ քննիչներն էլ պարզել են վիրավորների  ինքնությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները՝ տնօրեն Վազգեն Արտաշեսյանի գլխավորությամբ, Շենգավիթի տարածքային տեղամասի ծառայության աշխատակիցների հետ, համագործակցելով  ոստիկանության Շենգավիթի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչների հետ, ժամանել էին Բագրատունյաց պողոտայում գործող «D&D» հյուրատուն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, քննիչներն ու «Գազպրոմի» աշխատակիցներն ունեին լուրջ կասկածներ, որ նշված վայրում, որտեղ հոկտեմբերի 9-ին տեղի էր ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 2 հոգի տեղափոխվել էին Այրվածքաբանության Ազգային կենտրոն, հնարավոր է՝ «գազագողություն» է տեղի ունեցել։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև վիրավորների ինքությունը, ովքեր ամուսիններ են և Արցախի Հանրապետության քաղաքացիներ։ Նախաքննության շահերից ելնելով, այս պահին նրանց տվյալները չենք հրապարակում

Այսօր «Գազպրոմի» աշխատակիցները հատուկ սարքավորումներով մի քանի ժամ գործողություններ կատարելուց հետո հայտնաբերեցին հյուրատան պատի տակով անցնող մի քանի մետր երկարությամբ գազախողովակ, ժողովրդի լեզվով ասած՝ «լևի գիծ», որը միացված էր գազատար ցանցին։

Քիչ առաջ այդ ամենը ֆիքսվեց նաև Շենգավիթի քննիչի կողմից։ Իսկ տեղում հյուրատան սեփականատերը հայտնեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ գիծ է դա, ով կամ ովքեր են այն միացրել, իր կողմից ոչ մի անօրինական գործողություներ չեն կատարվել։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 2/8 հասցեում գործող «D&D» հյուրատանը պայթյուն է տեղի ունեցել։

Պայթյունի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել հյուրատան աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած Երևանի գնդի պարեկներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ 

Բժիշկները, նրանց մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ 

Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Վալտեր Գևորգյանն ու կրտսեր պարեկ Արսեն Մովսիսյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի վթարային ծառայության աշխատակիցները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում հերքվել է, որ հնարավոր է՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքից, քանի որ հյուրատան տնօրենը ասում էր, որ հյուրատունը գազից չի օգտվում։ Իսկ թե ինչն է պայթյունի պատճառը, անհայտ է։ 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր