211652_close_icon

Քեզ բացակա չենք դնի․ լեգենդ դարձած հերոս՝ Մանուկ Միքայելյան

views-count14237 դիտում article-date 16:53 08-10-2022
Մանուկ Արմենի Միքայելյանը դասվեց այն հերոսների շարքին, ովքեր հավերժացան իրենց կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը։

Մանուկը ընտանիքի միակ որդին էր, երեք քույրերի միակ եղբայրը։ Ծնվել է 2000 թվականի մարտի 12-ին, Արագածոտնի մարզի  Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր բնակավայրում։ Հայրը` Արմեն Սարգսի Միքայելյանը մահացել է 2009 թվականին, Մանուկը բնակվում էր  մոր` Հրածին Գեդեոնի Այվազյանի հետ։  2007-2017թթ. սովորել և ավարտել է  Գեղաձորի  Արտակ Օհանյանի անվան միջնակարգ դպրոցը։ Միջնակարգ կրթությունը ստանալուց հետո 2017 թվականին ընդունվել և 2021 թվականին ավարտել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական Համալսարանի հրետանու ֆակուլտետը, ստացել է հրետանավորի որակավորում։ Ստանալով լեյտենանտ զինվորական կոչում ծառայության է նշանակվել ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի, Կապանի,  Սիսիանի N զորամասերում, որտեղ պատվով կատարել  է իր ծառայությունը։
 
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ողջ ընթացքում ` երկուսուկես օր, իր զինվորների հետ պատվով կատարել է վերադասի հրամանները, հրետանու ճշգրիտ հարվածներով  մեծ վնաս է հասցրել թշնամու մարդուժին, շարքից հանելով թշնամու զինատեսակներ։ Մարտական գործողությունների ողջ ընթացքում չի լքել իրեն վերապահված դիրքը, հերոսաբար զոհվել է սեպտեմբերի 14-ին, Ջերմուկի մատույցներում՝ ԱԹՍ-ի հարվածից։

Մանուկ Միքայելյանը անձնվիրաբար կատարել է իր պարտքը հայրենիքի նկատմամբ և հերոսացել հանուն հայրենիքի։ Նա և բոլոր հերոսացած զինվորները սեփական կյանքը դրեցին զոհասեղանին՝ հանուն հայրենիքի սահմանների ամրության ու խրամատից այն կողմ իրենց համար աղոթողների ու իրենց վերադարձին սպասողների անվտանգության։ Մ․Միքայելյանը և բոլոր հերոսացած զինվորները իրենց երիտասարդ կյանքը ստորադասեցին բարձրագույն արժեքին՝ հայրենիքին։ 

Մանուկ Միքայելյանը հուղարկավորված է Գեղաձոր բնակավայրի գերեզմանատանը՝  ընտանեկան գերեզմանոցում։

Ծաղկահովիտի  համայնքապետարանի աշխատակազմը վշտակցում է Հերոսի ընտանիքի անդամներին, հարազատներին: Համբերություն ու տոկունություն Ձեզ:

Հավերժ Փառք ու խոնարհում...

Նմանատիպ նյութեր