211652_close_icon
views-count20315 դիտում article-date 18:20 08-10-2022

Արտակարգ դեպք Արարատի մարզում․ որսի մեկնելիս՝ ոստիկանության ծառայողը հրազենային վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ մարզի ոստիկանապետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «էվենտերացիա, որովայնի հրազենային վանսվածք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Անտանոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչերը պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Արման Կարապետյանն է։

Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, վարչության պետ Ս․ Ռուստամյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը, ժամը 07։20-ի սահմաններում Ա․ Կարապետյանն իր ընկերներ՝ Արարատի մարզի բնակիչներ 46-ամյա Սամվել Մերվազյանի և 35-ամյա Մանուկ Նազարյանի հետ Nissan մակնիշի ավտոմեքենայով որս անելու նպատակով գնացել են Տափերական գյուղի վարչական տարածքում գտնվող հանդամիջյան վայր, որտեղ Ս․ Մերվազյանը ավտոմեքենայի առջև նստած վիճակում իր անվամբ գրանցված «ՄՌ-155» տեսակի 1 փողանի 12 մմ տ/չ ողորկափող հրացանը լիցքավորելիս, պատահաբար կրակել է, ինչի հետևանքով էլ ավտոմեքենայի հետնամասում նստած Ա․ Կարապետյանը մարմնական վնասվածք է ստացել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ա․ Կարապետյանն աշխատում է ոստիկանության Արտաշատի բաժնում, ինչի համար էլ մարզի ոստիկանապետ Ս․ Ռուստամյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր