211652_close_icon
views-count1529 դիտում article-date 14:41 05-10-2022

Հայաստանի կառավարությունը հավատարիմ է մնում բոլոր գործընկերների հետ նորարարությունը խթանելու գործին․ փոխվարչապետ

Հայաստանի կառավարությունը հավատարիմ է մնում բոլոր գործընկերների հետ նորարարությունը խթանելու գործին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 5-6-ը Երևանում անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումի ընթացքում։ 

«Տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս գեներացնել նոր գաղափարներ, որոնք դուրս են գալիս ավանդական զարգացման խողովակներից։ 2021-2025 թվականների Հայաստանի զարգացման ռազմավարական ծրագրում իր տեղն ունի տնտեսության թվայնացման գործընթացը։ Այս տարի գլոբալ նորարարական ֆորումը տեղի է ունենում երկրի համար բարդ պայմաններում, որն ապացուցում է, որ Հայաստանը հանձնառու է բացահայտել նոր տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները, որն օգտագործվելու է ի շահ ժողովրդի բարեկեցությանը։ Մենք հասկանում ենք բարձր տեխնոլոգիաների, հատկապես՝ արհեստական բանականության կարևորությունը բազմաթիվ ոլորտներում»,- նշեց Մաթևոսյանը։  

Փոխվարչապետի համոզմամբ՝ արհեստական բանականությունը 21-րդ դարի  ամենակարևոր տեխնոլոգիաներից մեկն է, որը հինգերորդ արդյունաբերական հեղափոխության հիմնական մղիչ ուժն է։ Այն ամբողջությամբ փոխելու է մարդու ապրելակերպը։ Փոխվարչապետի խոսքով՝ տեխնոլոգիան ներթափանցել է մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներ՝ էապես ավելացնելով նորարարության և ստեղծարարության հնարավորությունները Հայաստանի համար։ 

«Հայաստանն, ունենալով մարդկային ռեսուրսներ, օգտվում է թվային դարաշրջանի հնարավորություններից, բայց դա պետք է արվի արդյունավետ կերպով։ Մենք պետք է ձևավորենք ընդհանուր ընկալում, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում համաշխարհային տնտեսության կառուցվածքը։ Պետք է ապահովենք համագործակցություն մարդկանց և տեխնոլոգիաների միջև։ Առաջընթացը բերում է հնարավորություններ, բայց նաև վտանգներ։ Հանրային կառավարումը թվայնացնելու դեպքում մենք պետք է ակնկալենք նաև մարտահրավերներ, կարողանանք կառավարել դրանք։ Ես վստահ եմ, որ ֆորումը կօգնի մեզ հասկանալ  այն ռիսկերն ու հնարավորությունները, որոնք տալիս է արհեստական բանականությունը։ Հայաստանի կառավարությունը մնում է հավատարիմ՝ բոլոր գործընկերների հետ նորարարությունը խթանելու և բարձր տեխնոլոգիաների տնտեսություն ձևավորելու գործին»,- նշեց նա։

Նմանատիպ նյութեր