211652_close_icon
views-count969 դիտում article-date 20:22 25-11-2022

Անհրաժեշտ է նորարարությունը խթանելու ջանքերի մեկտեղում. Վահրամ Դումանյան

Այսօր տեղի է ունեցել «Նորարարությունը՝ գործնականում, մարդիկ՝ կենտրոնում» հանրային ոլորտի նորարարության համաժողովը, որը նվիրված է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ԿԶՆ նորարարական կենտրոնի հիմնադրման 5-ամյակին:

Բացմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, կրթության և տեխնոլոգիաների ոլորտների ներկայացուցիչներ:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է ԿԶՆ կենտրոնի աշխատակիցներին 5 տարիների գործունեության համար, հաջողություն ու նոր ձեռքբերումներ է մաղթել, հույս հայտնել, որ նրանք հետագայում ևս կշարունակեն աշխատել նույնքան ոգևորված և արդյունավետ։ Նախագահը հատկապես բարձր է գնահատել թվայնացման ոլորտում կենտրոնի գործունեությունը։

«Այսօր շատ կարևոր են ձեր մոտեցումները պետական մակարդակով տվյալների թվայնացման աշխատանքներում։ Հույս ունեմ, որ նոր, առանձնահատուկ ուշադրություն կդարձնեք այդ աշխատանքներին, քանի որ մեր զարգացման ապագան թվայնացման մեջ է, առանց որի նոր հաջողություններ մենք չենք կարող արձանագրել»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։

Նորարարությունը՝ կրթության շարունակականության ապահովման ելք

Բացման խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ համաժողովը լավ առիթ է՝ անդրադառնալու Հայաստանում նորարարության խթանմանն ուղղված պետության և հասարակության ջանքերին:

«Դեռևս տարեսկզբից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որի առանցքում մարդկային կապիտալի զարգացումն ու իրացումն են գիտելիքի ու ստեղծարարության խթանման միջոցով։

Այս ուղենշումը պատահական չէ․ նախարարության վարած քաղաքականությունը միտված է կրթության միջոցով անհատի կարողության բացահայտմանը և շարունակական զարգացմանը։ Այս ճանապարհին նորարարությունը բովանդակային առաջընթացի և ապագայի մարտահրավերներին դիմակայելու կարևորագույն նախապայմաններից է։

Վերջին տարիների համաշխարհային տարբեր ճգնաժամերի ազդեցությունն առանձնակի նկատելի էր կրթության ոլորտում։ Հատկապես համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում կրթություն ստանալու իրավունքի իրացումն ուղղակիորեն կախված էր նոր տեխնոլոգիական գործընթացների և նորարարական գործիքակազմերի ներդրումից, դրանց արագորեն հարմարվելու ճկունությունից։

Սա անսպասելի և չնախատեսված իրավիճակ էր, որի ելքը դարձյալ նորարարությունն էր, ինչին ձեռնամուխ եղանք մեր ողջ ներուժի գործադրմամբ և հնարավորությունների կիրառմամբ:

Նորարարության հետևողական կիրառումը լի է մարտահրավերներով։ Այս գործընթացը ենթադրում է ոչ միայն պատասխանատվության և հանձնառության ստանձնում ամենաբարձր մակարդակում՝ քաղաքականություններ մշակելիս, այլև ամենօրյա աշխատանք բոլոր օղակներում՝ հանրային ծառայողներից մինչև մասնագետներ, մանկավարժներ, սովորողներ և անհատներ՝ փոխելու վերաբերմունքն ու խթանելու նորարարությունը: Անհրաժեշտ է ջանքերի մեկտեղում գերատեսչությունների ներսում, ինչպես նաև համագործակցություն այն կառույցների հետ, որոնք կրում են նորարարությունն ու դրա շարժիչ ուժն են տարբեր ոլորտներում։»,- նշել է Վահրամ Դումանյանը։

Նախարարի խոսքով՝ կրթության ոլորտում նորարարության զարգացումը խթանող առաջնային օղակներից են առաջատար համալսարանները, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, կրթական և հասարակական մյուս կառույցներ:

Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Կայուն զարգացման նպատակների նորարարական կենտրոնի հետ համատեղ ստեղծված հարթակին. կենտրոնի կողմից ներդրվել է նաև գործիքակազմ՝ խթանելու STEM (ԳՏՃՄ) ուղղվածության ընտրությունը Երևանի ավագ դպրոցների աշակերտների շրջանում։

«Լիահույս եմ, որ միասին կշարունակենք լինել նույնքան վճռական ու հետևողական՝ տարածելու նորարարությունը Հայաստանում և մեկտեղելու մեր ջանքերը՝ ամրապնդելու մեր դիրքերն աշխարհի նորարարության քարտեզում` ի նպաստ մեր աշակերտների, ուսանողների, որոնք ապագայի շարժիչ ուժն են»,- խոսքը եզրափակել է նախարարը:

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է, որ կենտրոնի հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը ծավալվել է՝ առանձնացնելով հատկապես Թվայնացման ռազմավարության մշակման գործընթացը։

«Դեռևս 2021 թ․ Հայաստանի թվայնացման ռազմավարությամբ ևս մեկ անգամ վերահաստատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հանձնառությունը՝ առաջնորդելու թվային փոխակերպումը պետական կառավարման համակարգում, խթանելու հանրային ու մասնավոր ոլորտների միջև երկխոսության ամրապնդմանը, նպաստելու թվային տեխնոլոգիաների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը։

Մեր ուսուցիչները եղան ամենանորարարը

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել «Նորարարության հիմնական միտումներն ու մարտահրավերները» պանելային քննարկումը, որին մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նա ներկայացրել է նախ համավարակի, ապա պատերազմի պայմաններում կրթության շարունակականության ապահովմանն ուղղված գործընթացները նորարարության համատեքստում. «Մենք հայտնվել էինք մի փուլում, երբ առանց նորարարության հնարավոր չէր ապահովել կրթության շարունակականությունն ամբողջ աշխարհում: Դա նաև այն փուլն էր, երբ սկսեցինք հանրակրթության ոլորտում ակտիվ բարեփոխումները: Եվ կարելի է ասել՝ ճգնաժամն ինչ-որ առումով նաև հնարավորություն էր այդ բարեփոխումների ճանապարհին: Մենք կատարել էինք հետազոտություն ուսուցիչների շրջանում, և պետք է փաստեմ՝ դրանց արդյունքում նրանցից ոչ մեկը չէր նշել հեռավար դասընթացի կազմակերպման հմտություն ունենալու մասին: Պետությունը ստեղծեց գործիքներ՝ աջակցելու մանկավարժներին, և մեր ուսուցիչները եղան ամենանորարարը»:

Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ համավարակի պայմաններում կրթության իրավունքի իրացման ապահովման բոլոր մակարդակներում ուժերը և ռեսուրսները մեկտեղվել են, ձեռք են բերվել անհրաժեշտ հմտություններ, և այդ իրավիճակում ամենատուժած ոլորտներից մեկը՝ կրթական համակարգը, կարողացավ հաղթահարել թռիչքային զարգացմամբ: ԿԳՄՍ փոխնախարարը նշել է նաև, որ չնայած ֆիզիկական հաղորդակցման սահմանափակումներին՝ այդ փուլում հանրային լայն արձագանք է գտել նաև հանրակրթական նոր չափորոշիչների ներդրման նախագիծը, որը հաստատվել է 2021 թ. փետրվարին:

«Չվախենալ ու պատրաստ լինել փոփոխություններին և լինել բաց և թափանցիկ՝ խուսափելով թյուրընկալումներից»,- ընդգծել է Ժ. Անդրեասյանը՝ որպես կարևոր սկզբունքներ բարեփոխումների ճանապարհին:

Քննարկման բանախոսներն էին նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի նորարարության և ԿԶՆ ֆինանսների պորտֆելի ղեկավար Տաթևիկ Քոլոյանը:

Նշենք, որ «Նորարարությունը՝ գործնականում, մարդիկ՝ կենտրոնում» հանրային ոլորտի նորարարության համաժողովը կազմակերպվել է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ԿԶՆ նորարարական կենտրոնի, ՄԱԿ և ՀՀ կառավարության համատեղ նախաձեռնությամբ:

Նմանատիպ նյութեր