211652_close_icon
views-count136915 դիտում article-date 18:24 01-10-2022

Լարված իրավիճակ «Արաբկիր» ԲԿ-ում․ ծնողներն ասում են՝ «Մեր 6-ամյա առողջ տղայի նշիկները վիրահատող բժշկուհու մեղքով երեխայի կյանքը մազից է կախված, հիվանդանոցից էլ տեղեկացնում են, թե հույսներդ դրեք Աստծո վրա»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արագածավան գյուղի բնակիչներ՝ ամուսիններ Դավիթ Խալաթյանն ու Ծաղիկ Կիրակոսյանը իրենց հարազատների հետ գիշերում են Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնի բակում։

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, Դ․ Խալաթյանն ասում էր․

«Սեպտեմբերի 22-ին տղաս՝ 6 տարեկան Անդրանիկը, ոտքերի ցավեր ունեցավ։ Մասնագետը երեխային զննեց և ասաց, որ ցավերի պատճառը նշիկներն են (գլանները), և դրանք պետք է հեռացվեն։ 

Այդ օրը երեխայի հետ քաղցր խոսելով, ուրախանալով, իր ոտքով եկել ենք «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ նշիկները պետք է հեռացնեին։ Ու կատարեցին վիրահատություն։

Երեխային վիրահատող բժկուհին Կլարա Օրդոյանն է, ով աշխատում է «Արաբկիր» բժշկական կենտրոնում որպես քիթ-կոկորդ-ականջաբան։ 

Մեզ ասել էին, որ վիրահատությունը կտևի 1 ժամից մի քիչ ավելի, սակայն չգիտես ինչու՝ այն տևում է 4 ժամից ավելի։ Ճիշտն ասած՝ շատ անհանգստացանք, որ վիրահատությունը էդքան տևեց։ Ու հետո մեզ ասում են, թե երեխայի երակն են վնասել։ Ու 2 օր անց երեխան հիվանդանոցում ընկնում է կոմայի մեջ։ Ինքնազգացողությունը լրիվ վատանում է։ Ու դրա մեղավորը վիրահատությունը կատարող բժշկուհի Կլարան է։

Մինչև այսօր մեր տղան գտնվում է վերականդանցման բաժանմունքում։ Ու էլ հույս էլ չեն տալիս։ Մեզ ասում են՝ հույսներդ դրեք Աստծո վրա, եկեղեցում մոմ վառեք, որ երեխան ապրի։ Նման պատասխան ո՞նց կարող ես ստանալ 21-րդ դարում բժշկուհուց, երբ գլանների վիրահատությունը շատ բժիշկներ կարող են աչքերը փակ անել։

Երկրորդ բժիշկը, ով տղամարդ էր, իմ երեխուն էն աշխարհից հետ է բերել։ Մենք նրանից շատ շնորհակալ ենք։ Բայց նա էլ ոչինչ չի կարող անել։

Հիմա, իսկականից, ամեն վայրկյան հույսներս դրել ենք Աստծո խնամակալության վրա։ Բայց ուզում ենք նաև, որպեսզի բժշկուհի Կլարա Օրդոյանը պատասխանատվության ենթարկվի, որպեսզի մյուս անգամ նման ապրումներ չունենա ոչ մի ընտանիք, որը հիմա մենք ենք ապրում։   

3 օր է անընդհատ ուզում ենք բժշկուհի Կլարային հանդիպենք, պարզաբանում ստանանք։ Մեզ ասում են՝ չի եկել, տեղում չի, ցրում են։ Մի ժամից ավելի դռան մոտ սպասել ենք, այն դեպքում երբ հստակ գիտեինք, որ ինքը ներսում է։ Ով մոտից դուրս էր գալիս, ներսից զամոկով դուռը փակում էին։ Բայց մեր համբերության բաժակը լցվեց։ Երբ հերթական անգամ նրա աշխատասենյակից դուրս եկան ու փորձեցին դուռը նորից փակել, հրելով մտանք ներս ու տեսնենք՝ բժշկուհին սենյակում է։

Առանց վիրավորելու, թեպետ դրա իրավունքն ունեինք, ասացինք․ «Բժշկուհի, չե՞ք ամաչում։ Դուք ներսում եք, մի ժամ է մեզ խաբում են, թե Դուք տեղում չեք»։ Էդտեղ էլ փորձեց մեզ համոզել, թե ինքը նոր է մտել ներս։ Անտեսանելի՞ էիք։ Մի ժամ է դռանդ դեմը կանգնած ենք, էդ ո՞նց մտար, որ չտեսանք։ 

Երեխային հիվանդանոց բերելու առաջին պահից մեր ընտանիքին բարոյական ու ֆինանսական օգնություն է ցուցաբերել Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը։ Ինչով հնարավոր է՝ նա օգնել է մեզ։ Ու մեզ հետ հավասար մի քանի օր շարունակ սպասել է, որ հիվանդանոցից մի լավ լուր կտան։ Բայց այսօր արդեն հոկտեմբերի 1-ն է։ Մեզ նորից ասում են՝ երեխայի կյանքը մազից է կախված։ Ո՞նց չխենթանաս։ 6 տարեկան առողջ, առույգ երեխուն բերես, որ նշիկները վիրահատեն, ու հիմա ամեն պահի սպասում ես, որ երեխուդ անշնչացած մարմինը կտան։

Տղես միշտ ասում է՝ «Մեծանամ՝ զինվոր եմ դառնալու»։ Փայտից ատրճանակ է սարքում, ասում է՝ գնամ պոստեր, որ թուրքը չկարողանա գա մտնի մեր տները։ Լրիվ պապուն է քաշել։ Ու հավատարիմ Զորավար Անդրանիկի անվանը, ասում է․ «Ես պատրաստի զինվոր եմ»»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր