211652_close_icon
views-count774 դիտում article-date 14:02 29-09-2022

Հաստատվել են դպրոցների երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ օրինակելի ծրագրերը կազմված են «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի» պահանջին համապատասխան:

Ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական ծրագրերը ներառում են երկարօրյա խմբի սովորողների սննդի, հանգստի, դասապատրաստման կազմակերպումը` որպես երկարօրյա կրթական ծրագրի բաղկացուցիչ մաս: Տվյալ օրվա ուսումնական պարապմունքներից հետո սովորողի համար իրականացվում է սննդի կազմակերպում՝ 1-4-րդ դասարաններում՝ մինչև 30 րոպե, իսկ 5-9-րդ դասարաններում՝ մինչև 20 րոպե տևողությամբ: Տվյալ օրվա ուսումնական պարապմունքներից հետո սովորողի համար իրականացվում է հանգստի (այդ թվում՝ զբոսանքի) կազմակերպում՝ 1-4-րդ դասարաններում՝ մինչև 80 րոպե, իսկ 5-9-րդ դասարաններում՝ մինչև 30 րոպե տևողությամբ: Սովորողի համար իրականացվում է նաև դասապատրաստում՝ 1-4-րդ դասարաններում՝ 2 ակադեմիական ժամ, իսկ 5-9-րդ դասարաններում՝ 3 ակադեմիական ժամ:

Հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել հետևյալ ծրագրերը՝

Ծնողի նախաձեռնությամբ երկարօրյա խմբում ընդգրկված սովորողների, ինչպես նաև դպրոցի կողմից այդ խմբում ընդգրկված ցածր առաջադիմությամբ սովորողների երկարօրյա ուսուցման ծրագիր՝ ըստ կրթության աստիճանների (տարրական և միջին դպրոց):

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների երկարօրյա ուսուցման ծրագիր:

Սոցիալապես անապահով ընտանիքների, ծնողազուրկ սովորողների երկարօրյա ուսուցման կազմակերպման ծրագիր:

Ծնողի նախաձեռնությամբ երկարօրյա խմբում ընդգրկված սովորողների, ինչպես նաև դպրոցի կողմից այդ խմբում ընդգրկված ցածր առաջադիմությամբ սովորողների երկարօրյա ուսուցման ծրագրի նպատակներն են՝ իրականացնել խմբում ընդգրկված բոլոր սովորողների դասապատրաստման գործընթացը և տրամադրել որակյալ մանկավարժամեթոդական ծառայություններ, աջակցել ցածր առաջադիմություն ունեցող սովորողներին ուսումնական նյութի յուրացման գործընթացում, ինչպես նաև նպաստել և աջակցել սովորողների ինքնուրույն սովորելու հմտությունների, ստեղծագործական ունակությունների և ինքնակազմակերպման կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը: Միջին դպրոցում այն նպատակ ունի նաև բարելավել որևէ առարկայի (առարկաների) թեմատիկ գրավոր, բանավոր և գործնական աշխատանքներից 10 միավորային սանդղակով 1-3 միավոր գնահատված սովորողների ուսումնառության արդյունքները:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների երկարօրյա ուսուցման ծրագրի նպատակներն են՝ սովորողներին աջակցել անհատական ուսուցման պլանով սահմանված ուսումնական նյութի յուրացման գործընթացում, տրամադրել մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների անհատական պլանին համապատասխան աջակցության ծառայություններ, դասապատրաստման գործընթացում կիրառել անհատականացված մոտեցումներ, նպաստել սովորողների ներուժի բացահայտմանը և այլն:

Սոցիալապես անապահով ընտանիքների, ծնողազուրկ սովորողների երկարօրյա ուսուցման կազմակերպման ծրագրի նպատակներն են՝ սովորողներին մատուցել ուսումնական հաստատության ֆինանսական միջոցների հաշվին լրացուցիչ կրթական ծառայություններ, յուրաքանչյուր սովորողի տրամադրել որակյալ կրթական, ըստ անհրաժեշտության՝ մանկավարժահոգեբանական ծառայություններ, սովորողների մոտ զարգացնել սոցիալական հմտություններ և այլն:

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված կամ պետության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների, ծնողազուրկ սովորողների երկարօրյա ուսուցումն իրականացվում է երկարօրյա խմբում ընդգրկված մյուս սովորողների հետ համատեղ, առարկայական ծրագրերով նախատեսված ուսումնական նյութերի՝ դասապատրաստման միջոցով յուրացման համար:

Նմանատիպ նյութեր