Արայիկ Հարությունյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում նահատակվածներին նվիրված հիշատակի միջոցառումներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Ազատամարտիկների անվան պուրակ, որտեղ ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին տեղադրված հուշատախտակի մոտ։
Այս մասին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը։
Այնուհետև երկրի ղեկավարը հոգևոր դասի առաջնորդությամբ ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանի, գործադիր և օրենսդիր մարմինների պատասխանատուների հետ մասնակցել է օրվա խորհրդով կազմակերպված խաչերթին։
Նախագահ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում ներկա է գտնվել 44-օրյա պատերազմին նվիրված «Լուսո խորան» խորագիրը կրող հուշակոթողի բացման ու օրհնության և Հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հոգեհանգստյան կարգերին, որից հետո զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել նահատակված հերոսների շիրիմներին։