211652_close_icon
views-count37684 դիտում article-date 10:57 27-09-2022

Երևանում արցունքաբեր գազ են փչել «Քրեյզի» գիշերային ակումբի պարուհու դեմքին և հափշտակել նրա մոտ եղած 9000 դոլարն ու 220 հազար դրամը 

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Ղազախստանի քաղաքացի՝ 21-ամյա Ա. Ասլանովան ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 06։40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում անհայտ տղամարդը արցունքաբեր գազ է փչել իր դեմքին և բացահայտ հափշտակել ձեռքի դրամապանակը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը։

Ժամանել է նաև Հայաստաին քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Գրիգորյանը։

Արդեն տեղում Ա. Ասլանովան ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ դրամապանակի մեջ եղել է 9000 ԱՄՆ դոլար, 220 հազար դրամ, ինչպես նաև անձնական փաստաթղթեր և բանկային քարտեր։

Մինչ քննչական խումբը դեպքի վայրի քննություն էր կատարում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով հսկայակածավալ օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել են, որ հանցագործությունը կատարել է Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Թ-ն, և կարճ ժամանակում օպերատիվ տվյալներով՝ ոստիկանները պարզում են, որ նա ուղղություն է վերցրել դեպի Բագրատաշենի սահմանային անցակետ, ու արդեն օպերատիվ խումբը, մեկնելով նշված անցակետ, այնտեղ էլ հայտնաբերում է Արթուր Թ-ին։

Վերջինս տեղափոխվում է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ ներկայացվում է Մալաթիայի քննչական բաժին, որտեղ էլ ՀՀ քր.օր-ի 252 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվում է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է հափշտակված գումարը, իսկ տուժած Ա. Ասլանովան «Քրեյզի» գիշերային ակումբի պարուհի է։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր