211652_close_icon
views-count1561 դիտում article-date 16:09 18-07-2026

Արտակարգ իրավիճակ՝ Շիրակի մարզի Բագրավան բնակավայրում․ անձրևը, կարկուտը և պտտահողմը ավերածություններ են կատարել․ բնակիչներն ասում էին՝ միայն գոհ ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից, իսկ Էկոնոմիկայի նախարարությունից ոչ մի արձագանք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ հուլիսի 17-ին, Շիրակի մարզում տեղացած հորդառատ անձրևը, կարկուտը, անգամ պտտահողմը իրենց սև գործն են արել նաև Բագրավան բնակավայրում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ բնակիչների՝ դրա հետևանքով տապալվել են փայտե էլեկտրասյուներ, վնասվել են տան տանիքները, հեկտարներով ցանքատարածություններ, ավտոմեքենաներ, տների ապակիներ և այլն։

Էլեկտրասյուների տապալման պատճառով թե՛ Բագրավանը, թե՛ հարակից մի քանի գյուղեր հոսանքազրկվել են ու տապալվել են նաև սարերում գտնվող սյուները։

Այսօր՝ հուլիսի 18-ին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով առավոտյան ժամը 06։00-ից ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի և Անիի և Արթիկի էլեկտրացանցի աշխատակիցները սկսել են տապալված էլեկտրասյուները փոխարինել նորով։

Արդեն մի քանիսը փոխել են, սակայն էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի վաղը, քանի որ ՀԷՑ-ի աշխատակիցներին դժվարին գործ է բաժին հասել, նրանք սարերի որոշ հատվածներ պետք է հասնեն ոտքով, քանի որ անգամ հատուկ մեքենաները մեծ դժվարությամբ կմոտենան տապալված սյուներին։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին․

«50 տարուց ավելի է ապրում ենք Բագրավանում, նման բան չէինք տեսել։ Եղել էին անձրև, կարկուտ, բայց որ երեկ եղանակը կարծես թե բարկացել էր, մեր մաշկի վրա զգացինք։ Հեկտարներով գարու և ցորենի ցանքատարածություններ են ավիրվել։ Իբրև թե կարկտակայաններ կային, բայց դրանք էլ չեն գործել, արհավիրքից հետո նոր այսօր գազի բալոն են բերել, որ կրակեն։ Էլ այսօր ձեր էդ կրակելն ի՞նչ օգուտ է տալու։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որ միշտ ասում է, թե կանգնած են գյուղացու թիկունքին, հիմա կտեսնենք իր խոսքը գործ է, թե էնքան որ ականջ շոյելու համար են տալիս խոստում։

Մեծ մասը վարկերով են էդ դաշտերում բերք ու բարիք ցանել ու հիմա հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ։ Էս պահին միայն գոհ ենք ՀԷՑ-ից, որի աշխատակիցները առավոտից անում են ամեն ինչ, որպեսզի վայրկյան առաջ հոսանքը մատակարարվի

Գյուղի նախրապանն էլ հրաշքով է փրկվել»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր