211652_close_icon
views-count1918 դիտում article-date 15:47 21-09-2022

Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից. Գլխավոր դատախազը՝ ԵԽ գործընկերներին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և ԵԽ իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ գլխավոր դատախազը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ մի շարք ուղղություններով ծրագրերը՝ միտված հատկապես կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին և քրեական արդարադատությանը:

Նախքան հետագա համագործակցությանը վերաբերող հարցերին անդրադառնալը՝ գլխավոր դատախազ Վարդապետանը ԵԽ գործընկերներին ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շեշտել, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից: Այս համատեքստում Աննա Վարդապետյանը կարևորել է միջազգային հանրության հստակ դիրքորոշումներն ու գործողությունները՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերը ետ քաշելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ Մարտինա Շմիդտն ու Լիլիթ Դանեղյանն ընդգծել են Գլխավոր դատախազության հետ համագործակցության կարևորությունը մի շարք առանցքային ուղղություններով և փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:

Նմանատիպ նյութեր