211652_close_icon
views-count15933 դիտում article-date 19:12 17-09-2022

Քեզ բացակա չենք դնի․ լեգենդ դարձած հերոս Էդուարդ Հարությունյան, դու միացար «Եռաբլուր» զինվորական պանթեոնում քո նման լեգենդ հերոսներին

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, «Եռաբլուր» զինվորական պանթոնում իր հանգրվանը գտավ սեպտեմբերի 13-ին իր կյանքը հայրենիքին զոհաբերած, լեգենդ դարձած հերոս Էդուարդ Հարությունյանը։ 

Լեգենդ դարձած հերոսը ծնվել է 2003 թվականի մարտի 14-ին, սովորել է Երևանի թիվ 185, թիվ 188 և թիվ 100 միջնակարգ դպրոցներում։ Ու դեռ դպրոցական տարիքից շատերը նրան ճանաչում էին որպես խիզախ մարդու, հայրենիքի համար պատրաստ իր կյանքը տալուն։ 

2013 թվականին բնակության է մեկնել Ռուսաստանի Դաշնություն, որտեղ շարունակել է ուսումը։ Շատերի նման նա նույնպես կարող էր մնալ ՌԴ-ում ու վայելեր հանգիստ կյանք։ Սակայն հավատարիմ իր ծնողների, իր գենի պատգամներին, վերադառնում է Հայաստան, որպեսզի իր պարտքը կատարի հայրենիքի հանդեպ, Հայոց Բանակում։ 

2021 թվականի հուլիսին մեկնում է ծառայության։ Իսկ մինչ այդ, զինկոմիսարիատում լավ են հիշում, թե ինչպես էր Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ինքնակամ եկել զինկոմիսարիատ որպես կամավոր մեկնելու ռազմաճակատ, ասելով՝ «Եթե իմ ընկերներն այնտեղ են՝ առաջնագծում, ու պահում են Հայաստանն ու Արցախը, ապա ես էլ պետք է լինեմ իմ ընկերների հետ»։

Ռուսաստանի Դաշնությունում ճանաչվել է լավագույն մարզիկ Քիքբոքսինգ մարզաձևում։ Ծառայության ընթացքում էլ արժանացել է լավագույն մարզիկ շքանշանին։ 

Էդուարդը նահատակվել է սեպտեմբերի 13-ին Վերին Հանդի ամենաթեժ դիրքերից մեկում, մարտի ներտվելով մինչև ատամները զինված հրոսակների դեմ։ Երեկվանից հերոսի շիրմին են այցելում ոչ միայն հարազատներն ու ընկերները, այլ նաև մյուս լեգենդ դարձած հերոս զինվորների հարազատներ, հերոսածին մայրեր, Արցախյան բոլոր պատերազմներին մասնակցած, լեգենդ դարձած զինվորներ ու սպաներ։

Նմանատիպ նյութեր