211652_close_icon
views-count4739 դիտում article-date 11:33 17-09-2022

Ադրբեջանի ռազմական ագրեսիան կարող են զսպել Հայոց բանակն ու միջազգային հասցեական գնահատականը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ նախօրերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ՀՀ դիմումի հիման վրա անցկացրել էր հրատապ նիստ: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հորդորել է միջազգային կառույցին՝ տեր կանգնել միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման իր պատասխանատվությանը եւ պահանջել Ադրբեջանից՝ անհապաղ դուրս բերել զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից: Մհեր Մարգարյանը նաեւ հայտարարել է, որ վստահելի տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը ծրագրում է եւս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջեւանի ուղղությամբ:

ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ, Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլա դե Ռիվիերը կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դեպի ելման դիրքեր՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Հնդկաստանի ներկայացուցիչ Ռուչիրա Կամբոջը կոչ է արել ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել գործողություններն ու հանդուրժողականություն դրսեւորել, սակայն այդպես էլ չի հնչել ագրեսոր կողմի անունը: ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան անընդունելի է համարել ուժի կիրառումը՝ կոչ անելով Ադրբեջանին եւ Հայաստանին կատարելու ռուսական միջնորդությամբ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները հրադադարի մասին:

Խիստ մտահոգիչ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Ամերիկաների հարցերով փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի՝ հրատապ նիստում ներկայացրած զեկույցում իրական ագրեսորի հստակ արձանագրման բացակայությունը, ինչպես նաեւ հնչեցրած որոշ եզրակացություններ։ Նրա խոսքով՝ «էսկալացիան ընդգծում է կողմերի՝ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման շրջանակներում սահմանագծման եւ սահմանազատման շարունակվող գործընթացում առաջ շարժվելու հրատապ անհրաժեշտությունը»՝ կոչ անելով կողմերին «օգտվել այդ կարեւոր մեխանիզմից՝ որպես սահմանին լարվածությունը թուլացնելու անհրաժեշտ քայլ»:

Առանց ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը չի կարող համապատասխանել միջազգային իրավունքին։ Մյուս կողմից՝ եթե «կողմերի՝ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման» գործընթացը տեղի ունենա առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հաշվի առնելու, ապա կվտանգվի արցախահայության գոյությունն իր իսկ հայրենիքում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր