211652_close_icon
views-count3338 դիտում article-date 14:06 14-09-2022

Զանգեզուրի միջանցքը վերցնելը Ադրբեջանի նպատակներից մեկն էր. Արման Եղոյան

Վարչապետը երեկ ԱԺ-ում խոսեց Ադրբեջան պահանջներից, թե Բրյուսելում ինչ է քննարկվել, ինչ նորանոր հարցեր են բացվում, որոնց Հայաստանը բավարարել ոչ մի կերպ չի կարող, ներառյալ միջանցքի հարցը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հայտնում է News.am-ը։

«Վարչապետը նաեւ Նռնաձորի անունը տվեց, Երեւանի անունը տվեց: Իրենց պահանջները մաքսիմալիստական են եւ դրանք միայն իրենց պահանջները չեն: Նկատի ունեմ իրենցից խոշոր տարածաշրջանային խաղացողներին:

«Դուք ինչո՞ւ հաշվի չեք առնում, թե որն էր Ադրբեջանի նպատակը սեպտեմբերի 13-ի գիշերը, եւ արդյոք իրենք հասել են իրենց նպատակին թե ոչ: Զանգեզուրի միջանցքը վերցնելը նպատակներից մեկն էր: Դա հայտարարված նպատակ է, վերլուծության կարիք չունի: Բայց միայն դա չէ, սա ընդհանրապես դիվերսիա է հայկական պետականության դեմ, ինքնիշխանության դեմ: Բոլոր առումներով իրենց նպատակն ավելին էր, քան հիմա ունեն»,-ասաց նա:

Եղոյանը նկատեց, որ Ադրբեջանի ու Թուրքիայի պլանով այսպես կոչված, «միջանցքը» ոչ միայն միացնող, այլ անջատող ֆունկցիա է կատարելու. «Այսինքն Իրանին, Հնդկաստանին, ամբողջ հնդկական օվկիանոսի դերակատարներին Եվրոպայից անջատելու ֆունկցիա պետք է կատարի իրենց պլանով»:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Նմանատիպ նյութեր