211652_close_icon
views-count7221 դիտում article-date 10:27 14-09-2022

Իշխանության գործողությունները չեն նպաստում մեր բանակի ուժեղացմանը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վարչապետ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում ինֆորմատիվ էր այնքանով, որ բացահայտում էր Ալիեւի դիրքորոշումը բրյուսելյան բանակցություններում: Ճիշտն ասած՝ Ադրբեջանի նախագահի այլ ելույթներից կարելի էր հասկանալ, թե որոնք են նրա ծրագրերը: Պարզապես մեր իշխանավորները երբեմն ձեւ էին անում, թե իբր ինչ-որ «կառուցողական երկխոսություն» է տեղի ունենում, եւ մեկ-մեկ էլ Ադրբեջանից եւ Թուրքիայից գալիս էին «դրական ազդակներ»:

Իշխանության նման կեցվածքն, ինձ թվում է, սխալ է երկու պատճառով: Նախ՝ սեփական ժողովրդին խաբելը լավ բան չի: Երկրորդ՝ «խաղաղության օրակարգի» մասին գերլավատեսական հայտարարությունները կարող են հակառակորդի մոտ հույսեր արթնացնել, թե Հայաստանը պատրաստ է կատարել Ալիեւի բոլոր պահանջները: Այդպիսով, հիշյալ «օրակարգի» մասին նման պնդումները դիվանագիտական առումով լուրջ սխալ են:

Ի դեպ, նույնքան վտանգավոր են, իմ կարծիքով, զենք գնելու մասին վարչապետի, մեղմ ասած, ոչ այնքան հասուն դատողությունները: Դրանք, կարծում եմ, նեղացնում են մանեւրելու մեր հնարավորությունները՝ աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի փոփոխության դեպքում:

Եվ այսպես, Փաշինյանը բացահայտել է բրյուսելյան բանակցություններում Ալիեւի իրական դիրքորոշումը: Ըստ այդմ, Ադրբեջանի նախագահը՝ 

1/ խաղաղության պայմանագիր չի կնքելու,

2/ հայկական կողմի առաջարկությունները չի ընդունում,

3/ ուզում է սուվերեն միջանցք Հայաստանի տարածքով,

4/ ընդհանարապես ուզում է ամեն ինչ՝ «Նռնաձորից մինչեւ Երեւան»:

Ամեն ինչ, կարծում եմ, ճշգրիտ է նկարագրված: Միայն թե պարզ չէ. թե ինչու այդ ամենը շարադրելուց հետո կրկին խոսվում է «խաղաղության օրակարգն» առաջ տանելու մասին: Վարչապետի ելույթի ամբողջ շարադրանքն ապացուցում է, որ նման օրակարգ այս պահին չկա:

Ովքե՞ր պետք է պարտադրեն այդ «օրակարգը»՝ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիա՞ն: Այդ երկրների ներկայացուցիչները շատ ճիշտ, ինչպես ասում են՝ «հասցեական» հայտարարություններ են անում: Բայց նրանք իրենց ունեցած անգամ տնտեսական լծակները չեն օգտագործի Ադրբեջանի դեմ՝ նավթը, հատկապես հիմա, նրանց համար կարեւոր է: Ի տարբերություն արեւմտյան պետությունների՝ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն անում են «անհասցե» հայտարարություններ («կոչ ենք անում երկու կողմերին»), ինչը եւս մեկ անգամ վկայում է, որ ինչպես 2016 եւ 2020 թվականին, այնպես էլ այսօր, Ռուսաստանը, եթե չի խրախուսում, ապա չի էլ խոչընդոտում Ադրբեջանի գործողություններին: Դա պետք էր հաշվի առնել Բրյուսել եւ Վաշինգթոն գնալուց առաջ:

Երեւի նոր բան ասած չեմ լինի, եթե պնդեմ, որ «խաղաղության օրակարգը» կարող է պարտադրել միայն հայկական բանակը, որի մասին պետք է խոսել սիրով, ակնածանքով: Ցավոք, իշխանության հայտնի գործողությունները (մասնավորապես, 2020 թվականի պարտության «մեղավորներ նշանակելու» ուղղությամբ) չեն նպաստում մեր բանակի ուժեղացմանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր