211652_close_icon
views-count11606 դիտում article-date 16:29 13-09-2022

Կարծում եմ՝ այս պահին իրավիճակն այս ամենով կհանգուցալուծվի, լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի. Մովսես Հակոբյան․ 168․am

168.am-ը ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց, այս փուլում թշնամին ի՞նչ նպատակ է հետապնդում նման  հարձակումներով, և հնարավո՞ր է՝ այս ամենը վերածվի լայնամասշտաբ ռազմական գործողությունների։

Պատասխանելով, Մովսես Հակոբյանն ասաց, որ ամեն ինչի մասին Նիկոլ Փաշինյանն ԱԺ իր ելույթում խոսել է, այդ պատճառով էլ ոչինչ չի կարող ասել։

Դիտարկմանը, որ հարցն իրեն ուղղել եմ՝ որպես զինվորականի, Մովսես Հակոբյանը պատասխանեց.

«Սա զինվորականության հետ կապ չունի, այս ամենը քաղաքականության արդյունք է, այո, քաղաքականության արդյունք»։

Թե ում կողմից վարվող քաղաքականության արդյունքն է, Մովսես Հակոբյանը չպատասխանեց։

Ինչ վերաբերում է լանածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը, Մովսես Հակոբյանը նկատեց. «Կարծում եմ՝ այս պահին իրավիճակն այս ամենով կհանգուցալուծվի, լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի, կրկնում եմ, այս պահին»։

Հիշեցնենք, որ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ:

ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ առավոտյան 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնել է, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։

Նմանատիպ նյութեր