211652_close_icon
views-count934 դիտում article-date 20:58 07-09-2022

Հունաստանի ինքնիշխանությունն իր կղզիների նկատմամբ վիճարկման ենթակա չէ. Պետդեպն ի պատասխան Էրդողանի

ԱՄՆ Պետդեպարտամենտը, մեկնաբանելով Թուրքիայի կողմից հնչող մեղադրանքները, թե իբր Հունաստանը օկուպացրել է Էգեյան ծովի կղզիները, հայտարարել է, որ Հունաստանի ինքնիշխանությունը իր կղզիների նկատմամբ վիճելի չէ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական artigercek.com-ը։

Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ հատկապես Ուկրաինայում տեղի ունեցող  իրադարձությունների ֆոնին հակաարդյունավետ են այն հայտարարությունները, որոնք կարող են մեծացնել լարվածությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև։

«Միացյալ Նահանգները շարունակում է  խրախուսել տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության պահպանման և վեճերը դիվանագիտական ճանապարհով լուծելու հարցում ՆԱՏՕ-ի դաշնակիցների միասին աշխատելը: Բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն և պաշտպանվեն։ Այս կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը չի վիճարկվում։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են էլ ավելի մեծացնել լարվածությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները կտրուկ սրվել են օգոստոսի 23-ից հետո, երբ, ըստ Անկարայի, մինչ թուրքական F-16-ները ՆԱՏՕ-ի առաջադրանքներն էին կատարում Էգեյան ծովի օդային տարածքում, կործանիչները նշանառության տակ էին վերցվել  Կրետե կղզում տեղակայված  հունական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։

«Ռադարները ֆիքսում են մեր ինքնաթիռները, և դա լավ նշան չէ: Մեր համբերության բաժակը լցվում է: Նրանք բազաներ ունեն այս կղզիներում: Եթե մեր դեմ սպառնալիքները շարունակվեն նույն ոգով, ապա մեր համբերությունը կսպառվի։Կարծում եմ, որ այսուհետ Աթենքը կվերլուծի Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա քայլերը։ Հակառակ դեպքում, ինչպես ավելի վաղ ասել եմ, մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»,- Բոսնիա և Հերցեգովինայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր էրդողանը։

Իր հերթին Հունաստանը հերքել է այս հարցում Թուրքիայի մեղադրանքները։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, ինչպես նաև առանձին հայտարարությամբ  արտգործնախարար Նիկոս Դենդիասը անընդունելի են  համարել Թուրքիայի սպառնալիքները և Հունաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու փորձերը:

Նմանատիպ նյութեր