Թուրքիան ցանկանում է շրջել պատմությունը և վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը. Հունաստանի արտգործնախարար
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Քոլոննայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վերջերս հնչեցրած սպառնալիքներին։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական artigercek.com-ը։
«Թուրքիան ցանկանում է շրջել պատմությունը և վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը։ Մենք բացահայտ ասում ենք, Թուրքիայի հայտարարություններն ու գործողությունները ընդունելի չեն։ Դրանք անընդունելի են։ Դրանք դատապարտելի խոսքեր են։ Բայց դրանք մեզ չեն խանգարում և չենք էլ վախենում։ Մենք մեր պատմության ընթացքում բախվել ենք շատ ավելի լուրջ սպառնալիքների։ Մենք մերժում ենք նեոօսմանյան բռնակալությունը։ Մենք այս մոլորության մեջ չենք ներքաշվի»,- ասել է Դենդիասը։
Հունաստանի արտգործնախարարը նշել է նաև, որ այս տարի իրենց երկրի ազգային օդային տարածքը Թուրքիայի կողմից խախտվել է 6100 անգամ, Թուրքիայի կողմից Հունաստանի տարածքով թռիչքներ են կատարվել 157 անգամ, իսկ ջրային տարածքը խախտվել է 1000 անգամ։
«Կարծում եմ, որ այսուհետ Աթենքը կվերլուծի Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա քայլերը։
Հակառակ դեպքում, ինչպես ավելի վաղ ասել եմ, մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»,- իր ելույթի ժամանակ հանկարծակի հարձակմամբ սպառնալով Հունաստանին՝ ասել էր Էրդողանը։