211652_close_icon
views-count1813 դիտում article-date 21:18 30-08-2022

Եթե չփոխենք իրավիճակը, կշրջենք հայոց պետականության պատմության վերջին էջը․ Պողոսյան

Եթե չկարողանանք փոխել իրավիճակը, ապա իրականություն կդառնան Ավոյի (Մոնթե Մելքոնյան) խոսքերը, որն ասում էր, որ կորցնելով Արցախը՝ մենք կշրջենք հայոց պետականության պատմության վերջին էջը։ Թշնամին առանց խղճի խայթի հենց դա էլ կանի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թեւան Պողոսյանը։

«Մենք ինքներս պետք է մտածենք մեր եւ մեր շահերի մասին։ Ի՞նչ, Շառլ Միշե՞լը պետք է մտածի մեր շահերի մասին։ Ո՛չ, նա կմտածի ԵՄ-ի մասին՝ արդյո՞ք նա դուրս կմղի Ռուսաստանի Դաշնությանը տարածաշրջանից, լինեն դրանք այլընտրանքային ճանապարհներ եւ այլն։ Նույն Իրանը նախկինում խոսում էր սահմանների վերագծման անթույլատրելիության մասին, իսկ հիմա միայն ասում է, որ Իրանի ու Հայաստանի միջեւ պետք է սահման լինի»,- ընդգծեց նա։

Փորձագետը նշեց, որ ռուս խաղաղապահները նույնպես եկել են Արցախ սպասարկելու իրենց, ռուսական շահերը, եւ այստեղ չեն եկել «մեր գեղեցիկ աչքերի համար, այլապես առաջին օրը (44-օրյա պատերազմի-խմբ.) կգային»։

«Եթե Մոսկվան անհրաժեշտ համարի խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում այնտեղ պահպանել իր ներկայությունը, ապա կգտնի դա անելու ձեւը։ Եթե մեզ չեն բավարարում Ռուսաստանի գործողությունները, ուրեմն պետք է ոչ թե նստել դժգոհել, այլ հասկանալ, թե մեր որ գործողությունները նրանց սրտով չեն եղել, որպեսզի այս կամ այն գործընթացն ընթանա այնպես, ինչպես մենք ենք ուզում։ Ինչպես ժամանակից շուտ հանձնվեց Բերձորը, այնպես էլ Ադրբեջանը հենց այդպես կանի ամեն ինչ, որ ռուս խաղաղապահները հեռանան Արցախից մինչեւ հնգամյա ժամկետի ավարտը։ Առանց մանդատի խաղաղապահ առաքելություն չի կարող իրականացվել։ Ուստի առաջին հերթին Հայաստանը պետք է հասնի մանդատի հրապարակմանը։ Դա չի կարող գաղտնի փաստաթուղթ լինել։

Ադրբեջանն ասում է՝ ժամանակը կգա, կմտածենք։ Ռուսաստանին պետք էր զորք մտցնել այնտեղ, նա էլ մտցրեց, եւ, հնարավոր է, նրան այնքան էլ չի հետաքրքրում, թե ինչ մանդատի ներքո: Մենք, չգիտես ինչու, անընդհատ հույսը ուրիշների վրա ենք դնում»,- հավելեց Պողոսյանը:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր