211652_close_icon
views-count1879 դիտում article-date 10:25 25-08-2022

Կառավարությանը բաժնետոմս նվիրած ընկերության բաժնետերերից մեկը Վահե Հակոբյանի եղբայրն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերից եւս 6.8 տոկոս նվիրատվություն կստանա։ Նվիրատվությունը վարչապետի աշխատակազմին կատարել է ԶՊՄԿ-ի բաժնետեր ընկերություններից մեկը՝ «ԱՄՓ հոլդինգ»-ը։ Եվ հենց այստեղ է ամենաուշագրավ հանգամանքը. «ԱՄՓ հոլդինգ»-ի բաժնետեր ընկերությունը «Սթար դասթ» ՍՊԸ-ն է, որի բաժնետերերն են ԶՊՄԿ-ի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանը եւ Գուրգեն Ամբարյանը։

Այսինքն՝ ստացվում է՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը բաժնետոմսեր է նվիրաբերել կառավարությանը, թե ինչի դիմաց՝ կպարզենք: Ստացվում է, որ, մի կողմից, Սյունիքի նախկին մարզպետն ամիսներ շարունակ պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մյուս կողմից՝ նրա եղբայրը փաստացի նվիրաբերություններ է կատարում ՀՀ կառավարությանը՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի գլխավորած ֆոնդին:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հենց Վահե Հակոբյանից պարզաբանումներ ստանալ՝ հասկանալու, թե ինչու է նրա եղբայրը նման քայլի գնացել, սակայն նրա հեռախոսն անջատված էր:

Հավելենք, որ, ընդհանուր առմամբ, «ԱՄՓ հոլդինգ»-ին էր պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի 12.5 տոկոսը։ Անցած տարվա սեպտեմբերի 30-ին էլ ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն էր ձեռք բերել Պղնձամոլիբդենայինի 60 տոկոսը, որից հետո դրա 15 տոկոսը նվիրեց կառավարությանը։ Նվիրատվության գործարքը, ինչպես նաեւ Ռոման Տրոցենկոյի կողմից կոմբինատում բաժնետոմսեր ձեռք բերելու գործարքը վիճարկվում է ԶՊՄԿ-ի 12,5 տոկոսի բաժնետեր Միխայիլ Զուրաբովի կողմից, այդ թվում՝ միջազգային ատյաններում: Hetq.am-ը եւս անդրադարձել է դատական այս հարցերին: Կայքի կողմից հրապարակված հոդվածում եւս հիշատակվում է, որ «Սթար դասթ» ՓԲԸ բաժնետերերից է նաեւ Կարեն Հակոբյանը՝ Վահե Հակոբյանի եղբայրը: Նա Պղնձամոլիբդենայինի 2.5 տոկոս բաժնեմասի սեփականատերն է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր