211652_close_icon
views-count7127 դիտում article-date 17:16 23-08-2022

Կոչ ենք արել չհրդեհել տները, չթալանել ենթակառուցվածքները. եթե որոշումներն այդպես են ընդունվել, պետք է կատարվեն. Հայկ Խանումյան

Քանի որ ապատեղեկատվությունը, ուղղորդված տեղեկատվական գրոհները չափն անցել են, հրապարակեմ մի քանի փաստ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

«-Օգոստոսի կեսերին Աղավնոյի էլեկտրականությունն անջատվել էր Բերձորի ենթակայանից, Աղավնոն և Բերձորը սկսել էին էլեկտրաէներգիա ստանալ Ստեփանակերտից եկող գծով: Օրեր անց բռնկված հրդեհը վառել էր էլեկտրագծի սյուները, ոչնչացրել նոր քաշած գիծը:

-Բերձորում թալանվել էր տրանսֆորմատորների յուղը:

-Բերձորում բռնկված հրդեհը լուրջ սպառնալիքներ է ստեղծել ՀՀ-ից Արցախ եկող բարձավոլտ էլեկտրագծի համար:

-Աղավնոյի հատվածում թալանվել է օպտիկամանրաթելային մալուխը, ինչի պատճառով որոշ ժամանակ Արցախն առանց ինտերնետի էր:

-Մետաղի ջարդոն գողացողների կողմից թալանվել, ոչնչացվել էին կապի աշտարակները:

Մենք և այլ պետական մարմիններ ևս կոչ ենք արել չհրդեհել տները, չքանդել, չթալանել ենթակառուցվածքները: Պետական կառույցներն ավելի շատ ինֆորմացիայի են տիրապետում և որոշումներ ընդունելիս ավելի շատ հանգամանքներ են հաշվի առնում, քան ֆեյսբուքյան ակտիվիստները: Եթե որոշումներն այդպես են ընդունվել, ուրեմն պետք է կատարվեն: Ցավոք, տեղեկատվական տեռորը զգալիորեն թուլացրել է պետական կառույցների մարտահրավերներին արձագանքելու ունակությունը (սա մեր կառավարման համակարգի թերություններից է):

Եվ արդյունքում ստացվում է այնպես, որ ինչ-որ դասալիք ՛՛ակտիվիստ՛՛ կարող է նստել տաքսի, գալ Աղավնո կամ Բերձոր, հրդեհ հրահրի կամ հրդեհի տուն/տարածք, թողնի գնա, ու ինքն ավելի հայրենասեր լինի, քան պետական կառույցների աշխատակիցները, որոնք մտածում ու գործում են ենթակառուցվածքների անխափան գործունեության համար, իրենց ընտանիքներով ապրում են Արցախում, մասնակցել են պատերազմին և ամեն օր առնչվում են անվտանգային խնդիրների վերաբերյալ որոշումներ ընդունելուն կամ կատարելուն:

Փաստերը, հանգամանքները վերլուծելու ունակության բացակայությունը սոցիալական ցանցերի մեր օգտատերերին կամ թե ակամա դարձրել են Արցախի պետական կառույցների դեմ մղվող տեղեկատվական պատերազմի զինվորներ:

Մեր օրերում, երբ տեղեկատվությունը բազմազան է, մեծ դեր ունեն ապատեղեկատվությունը և մանիպուլյացիաները, հեղինակությունները դադարում են գոյություն ունենալ: Նույնիսկ օրուգիշեր կենսական հարցեր լուծող անձինք կարող են ոչնչացվել ապատեղեկատվական գրոհի հետևանքով:

Նման պարագայում միակ ելքը պետական կառույցների կարողություններն ուժեղացնելն է, պետական կառույցների դիրքն ամրապնդելը: Այս կառույցների դեմ պատերազմը, ինչին ականատես ենք լինում այս օրերին, Արցախում կազմակերպչական ամենամեծ ներուժ ունեցող ուժի (պետական կառույցների) դեմ պատերազմ է»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր