211652_close_icon
views-count57032 դիտում article-date 18:00 21-08-2022

Ձեզ բացակա չենք դնի. Երևանում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Աբրահամ Մարուխյանի և Լևոն Գալստյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 20-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արցախի 10դ հասցեում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներ Աբրահամ Մարուխյանի և Լևոն Գալստյանի հիշատակին նվիրված խաչքար-հուշաքարի և ցայտաղբյուրի բացման արարողությունը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա էին հերոսների ծնողները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, որոնց որդիները 44-օրյա պատերազմում նույնպես նահատակվել ու դարձել են լեգենդ, հյուրեր ոչ միայն Երևանից ու մարզերից, այլ նաև՝ Արցախից:
 
Մինչ հոգևոր հովվի կողմից տեղի կունենար օծումը, նույն թաղամասի բնակիչ Կարեն Վարդանյանի կողմից, ում աջակցության շնորհիվ է տեղադրվել հուշակոթողը, իջեցվեց սպիտակ սավանը: Այն հոգևոր հովվի կողմից օծվելուց հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին:
 
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մասնակիցներից մի քանիսն ասում էին. «Հուշակոթողի կառուցման գաղափարը Աբրահամի և Լևոնի ծնողներինն էր: Նրանք մեզ համար տվեցին իրենց համար ամենաթանկը՝ կյանքը:
 
Հիմա ամեն անգամ՝ այստեղ գալուց ու ծաղիկներ խոնարհելուց, միշտ հիշելու ենք էդ հերոս տղերքին՝ Աբրահամին ու Լևոնին, ու ոչ միայն նրանց, այլ նաև նրանց նման հազարներին: Նրանք Արցախյան 44-օրյա պատերազմում չպարտվեցին, նրանք մինչև վերջ մնացին նենգ ու մինչև ատամները զինված թշնամու դեմ: Իսկ պարտվեցին քաղաքական գործիչներն ու դիվանագետները, ու դրա պատասխանը կտա պատմությունը:
 
Մեր երախտիքի խոսքն ենք հղում մեր թաղի բնակիչ Կարեն Վարդանյանին, ով լսելով, որ լեգենդ դարձած ու նահատակված հերոսներ Աբրահամի ու Լևոնի հարազատները նման մտադրություն ունեն, իր աջակցությունն է ցուցաբերել, ու ամեն օր ծնողների, թաղամասի բնակիչների հետ միշտ այցելել է այս վայր՝ մինչև այն ավարտական տեսքի բերելը:
 
Իսկ այս վայրը մեր համար այսուհետ դառնալու է խորհրդանշական ու հպարտության վայր, որովհետև՝ ամեն անգամ այստեղ գալուց, ի լուր աշխարհի ասելու ենք. տղե´րք, ձեզ բացակա չենք դնի: Շնորհակալ ենք նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը, ով նույնպես մեծ աձջակցություն է ցուցաբերել մեզ»:

Աբրահամ Տիգրանի Մարուխյան

Ծնվել է 1995 օգոստոսի 10-ին: Սովորել է Չայկովսկու անվան դպրոցում, ստացել վոկալիստ մասնագիտություն, ավարտել է Եվրոպական համալսարանի դիվանագիտական բաժինը, 2016թվականից եղել է ՈՄԱ (Ողջ մնալու արվեստ) դպրոցում, ու եղել լավագույններից, սովորել Զինվորական գործ։
Հետո սովորել է Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանում 1 տարով, հետո մեկնել է ծառայության՝ կամավոր ընտրելով Մատաղիս, որպես սպա։ Ծառայել է որպես հրետանու հետախուզության պետ, պատերազմից 15 օր առաջ զորացրվել էր:
Պատերազմի առաջին իսկ օրը կամավոր մեկնել ռազմաճակատ, կռվել է Ջրականում, Հորադիզ, որտեղ էլ զոհվել է։ 44-օրյա պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում կարողացել է անցնել մեր կողմից լքված դիրքեր, որոնք հակառակորդի հսկողության տակ են եղել, ոչնչացրել կարևոր փաստաթղթեր, բերել զենք զինամթերք։
Աբրահամի միակ նպատակը Հայրենիքը ազատագրված տեսնելն էր։ Երբ վիճակը Հորադիզում վատացել էր, հետ նահանջ հրաման է եղել, Աբրահամը և 5 տղա՝ պահելով հետ նահանջող ընկերներին՝ զոհվում են։ Աբրահամը զոհվել է հոկտեմբերի 2-ի գիշեր լույս 3-ի առավոտ։
Հետմահու պարգևատրվել է՝ «Մարտական ծառայության», «Մայրական Երախտագիտության» և «Արիության» մեդալներով: Հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
 
Լևոն Արմենի Գալստյան
 
Ծնվել է ք. Երևանում 2001թ հուլիսի 7-ին: Ուսումը ստացել է Թիվ 6 միջնակարգ դպրոցում 2007-2014թվ.-ին։ Դպրոցի հետ համատեղ հաճախել է Դ. Համբարձումյանի անվան ջրացատկի մասնագիտացված մարզադպրոց 2007-2009թվ. -ին։
Լինելով առույգ, շարժուն տղա՝ ծնողները Լևոնի ապագան տեսնում էին սպորտի մեջ և նրան ուղղորդեցին Նորայր Մուշեղյանի անվան Ըմբշամարտի Մարզադպրոց։ Տղան իր սպորտային կարիերան սկսեց 2010թվ.-ի հոկտեմբերից։
Ունենալով որոշակի հաջողություններ՝ 2014 թ.-ին դպրոցից տեղափոխվեց Երևանի Օլիմպիական Հերթափոխի Պետական Մարզական Քոլեջ մինչև 2019թ.: Քոլեջն ավարտելուց հետո նույն տարում ընդունվել է «Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի և Սպորտի Պետական Ինստիտուտ»։
Ընդամենը լինելով 6 ամսվա ուսանող՝ 18 տարեկանում որպես հայ արժանի զավակ զորակոչվել է պարտադիր Զինվորական ծառայության։ 2020թ.-ի հունվարի 13-ից ծառայության է անցել Արմավիրի մարզի Մարշալ Բաղրամյանի անվան Ուսումնական Զորամասում։
6 ամիս անց՝ստանալով կրտ. սերժանտի կոչում, տեղափոխվել է Մեխակավան( Ջաբրայիլ)՝ որպես ջոկի հրամանատար։ Լևոնը ծառայության ընթացքում վայելում էր հրամանատարների և ենթակա զինծառայողների սերն ու հարգանքը։ Իր ֆիզիկական հատկանիշներից ելնելով՝ նա վաշտի սպորտի կազմակերպիչն էր, կոփում էր նորակոչիկներին, իր փորձը մեծ սիրով փոխանցում նրանց։
Հրամանատարները և իր հետ կռվող կամավորականները փաստում են, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության լայնածավալ հարձակման ժամանակ Լևոնը կարողացել է ճիշտ ժամանակին իր անձնակազմը անվնաս և բարձր մարտական ոգեշնչմամբ հասցնել պաշտպանության շրջան, այնուհետև հմտորեն ղեկավարելով իր անձնակազմը՝ առանց զոհեր տալու, մարտնչելով հակառակորդի տարատեսակ գործողությունների դեմ, դուրս է բերել շրջափակումից մոտ 20 զինծառայող։
Հոկտեմբերի 8-ին Հադրութի պաշտպանությունն արդեն իսկ վստահված էր եղել Լևոնին ու իր նման մի շարք նվիրյալների։ Այդ ընթացքում Լևոնը մարտի դաշտից դուրս է բերել բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Հոկտեմբերի 12-ին, մնալով շրջափակման մեջ, հավատարիմ մնալով իր երդմանը և իր ծնողների դաստիարակությանը՝ նա մինչև վերջին շունչը կռվեց և հերոսաբար ընկավ ….
Լևոնը նույնպես մյուս հերոս տղերքի հետ հանգրվանում է «Եռաբլուր» Պանթեոնում։ Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով:

 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 426+
426+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր