Պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել՝ զարգացման հաջորդ քայլն անելու համար. Փաշինյանը պարգևատրել է ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներին՝ գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանին, թիմի ավագ Հրաչիկ Թավադյանին, շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանին, Սամվել Տեր-Սահակյանին և Մանուել Պետրոսյանին: Երկրից բացակայելու հանգամանքով պայմանավորված՝ հանդիպմանը ներկա չէին շախմատիստներ Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը:
Շնորհավորելով հավաքականի անդամներին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճելու կապակցությամբ՝ վարչապետը նշել է.
«Հարգելի պարոն Փաշիկյան,
Հայաստանի Հանրապետության շախմատի հավաքականի հարգելի անդամներ,
Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս և ձեզ՝ Հայաստանի շախմատի հավաքականի հերթական մեծ հաջողության առիթով:
Իհարկե, Հայաստանի շախմատի հավաքականը մեր երկրի պատմության թերևս ամենատիտղոսակիր հավաքականն է՝ երեք անգամ Շախմատային օլիմպիադայի ոսկե մեդալ է նվաճել, մեկ անգամ՝ արծաթե, երեք՝ բրոնզե, Շախմատի թիմային գավաթի աշխարհի հաղթող, այսինքն՝ տիտղոսները շատ երկար կարելի է թվարկել:
Ուզում եմ անձամբ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր կատարած աշխատանքի համար և ընդգծել հետևյալը, որ Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք, որպես նպատակ, ֆիքսել ենք, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը նվաճի Շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը: Սա ձևակերպել ենք որպես ռազմավարական նպատակ Հայաստանի համար, և ուզում եմ իմանաք, որ մենք նաև ձեր աջակցությամբ և խորհրդով կամ հայտով պատրաստ ենք անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել՝ դրան հասնելու համար:
Կարծում եմ՝ սա իրոք Հայաստանի համար ռազմավարական նպատակ է, և այն կյանքի կոչելու համար պետք է շատ մեծ աշխատանք կատարել: Այն, ինչ այսօր ունենք, հնարավորություն է տալիս, որ մենք զարգացման հաջորդ քայլն անենք, և դրա համար, իհարկե, Կառավարությունը, ես անձամբ, մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել: Կրկին ուզում եմ շնորհավորել: Եթե ուշադրություն դարձրեցիք, ես մեզ եմ շնորհավորում առաջին հերթին և ոչ թե ձեզ, բայց նաև ձեզ եմ շնորհավորում: Ես ձեզ ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված իսկապես փառապանծ աշխատանքի համար»:
Նիկոլ Փաշինյանը ՀՀ շախմատի հավաքականի ներկայացուցիչների հետ մտքեր է փոխանակել Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի ընթացքի, մրցաշարից ստացած տպավորությունների, ինչպես նաև մեր երկրում ինտելեկտուալ այս սպորտաձևի զարգացման հեռանկարների շուրջ: Արծարծվել են պետական աջակցության ծրագրերին, մայրաքաղաքում ու մարզերում շախմատի դպրոցների բարելավմանը և նոր ենթակառուցվածքների ձևավորմանը, մարզիկների և մարզիչների գործունեության խրախուսմանը վերաբերող և այլ հարցեր: Վարչապետը վերահաստատել է Կառավարության՝ իր գործիքակազմով ոլորտի զարգացումը խթանելու պատրաստակամությունը և հանձնարարականներ տվել պատասխանատուներին:
Հաջորդիվ տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Շախմատի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, հավաքականի ավագ Հրաչիկ Թավադյանը, շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերով և Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամներով:
Վարչապետ Փաշինյանը Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներին է հանձնել բարձր պարգևները և ևս մեկ անգամ գովեստի խոսքեր ուղղել նրանց՝ իրենց շախմատային հաջողություններով Հայաստանի հեղինակությունը միջազգային մրցաշարերում բարձր պահելու համար: