211652_close_icon
views-count871 դիտում article-date 17:30 05-08-2022

Անթույլատրելի ենք համարում Արցախի ՊԲ-ի կազմալուծման կամ զինաթափման որևէ պահանջ. ԱՀ «Միասնական հայրենիք» խմբակցությունը հայտարարություն է տարածել

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Արցախի Հանրապետության ապառազմականացման և Պաշտպանության բանակի կազմալուծման պահանջի վերաբերյալ

Վերջին օրերին, օգտվելով աշխարհաքաղաքական տեղաշարժերից, Ադրբեջանն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ նոր օրակարգ է թելադրում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում` ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի ապառազմականացման և Պաշտպանության բանակի կազմալուծման անհիմն պահանջներ:

   Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Միասնական հայրենիք» խմբակցությունը հայտարարում է․
· Խստորեն դատապարտում ենք ԼՂ-ում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շարունակական խախտումներն ու Ադրբեջանի ագրեսիվ ձեռնարկումները:
· ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել ԼՂ-ից և Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովվում է տեղի ինքնապաշտպանական ուժերի և սակավաթիվ ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցներով։

· Արցախի բնակչության նկատմամբ շարունակաբար իրականացվող զինված հարձակումների, էթնիկ ատելության հրահրումների, հայկական մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման, հայաթափման ադրբեջանական քաղաքականության համապատկերում Արցախի ժողովուրդն այլընտրանք չունի, քան ձեռնարկել ինքնապաշտպանության միջոցառումներ:
· Արցախի Հանրապետությունն իրացնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը՝ պաշտպանելու իր ժողովրդի հիմնարար իրավունքները ադրբեջանական շարունակական և համակարգային ագրեսիայից։ Ուստի, անթույլատրելի ենք համարում Արցախի ժողովրդի անվտանգության անվերապահ երաշխավորի՝ Արցախի Պաշտպանության բանակի, կազմալուծման կամ զինաթափման որևէ պահանջ: Նման պահանջը միաժամանակ չի արտացոլում Հայտարարությամբ ստանձնած Կողմերի պարտավորությունները:

· Կարևորելով ՌԴ միջնորդական ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման և խաղաղապահ առաքելություն ստանձնելու գործում, ինչպես նաև հաշվի առնելով ադրբեջանական կողմի շարունակական ագրեսիվ միջամտությունները, համոզված ենք, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ներկայությանը միջազգայնորեն ամրագրված երաշխիքներով և հստակ գործառույթներով օժտելը օրվա հրամայականն է:

Արցախի ԶՈւ Արցախի ժողովրդի գոյաբանական նախադրյալն ու երաշխիքն է, ուստի նրա գործառնությունները սահմանափակող և իրավական կարգավիճակը վատթարացնող ցանկացած ուղղակի կամ անուղղակի միջամտություն ոչ միայն հակադարձ համեմատական է Արցախի ժողովրդի ազգային-անվտանգային շահերին, այլև ոտնձգություն է Արցախի հայկական ապագայի նկատմամբ:
 
Արցախի Հանրապետության 
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր