211652_close_icon
views-count2342 դիտում article-date 18:11 04-08-2022

Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ տեղում իրադրությունը կայունացնելու համար. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը խիստ մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում իրադրության էսկալացիայի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

«Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ տեղում կայունացնելու իրադրությունը: Բոլոր խողովակներով ու բոլոր մակարդակներով, ներառյալ և երկրի բարձրագույն ղեկավարությունը, տարվում է ակտիվ աշխատանք երկու կողմերի հետ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովը սերտ շփման մեջ է ադրբեջանցի ու հայ գործընկերների հետ:

Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, հետևել կրակի դադարեցման ռեժիմին: Առկա հակասությունների կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումներն ու խստորեն պահպանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության դրույթները:

Համոզված ենք, որ կողմերի ջանքերը պետք է կենտրոնացված լինեն Բաքվի և Երևանի միջև հարաբերություններում դրական օրակարգ ձևավորելու վրա՝ առկա եռակողմ բանակցային ձևաչափերի շրջանակներում»,- ասվում է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն նաև ցավակցություններն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման հետևանքով գրանցված զոհերի բարեկամներին ու հարազատներին:

Նմանատիպ նյութեր