211652_close_icon
views-count1592 դիտում article-date 21:48 03-08-2022

Քննարկվում է հեռակա ուսուցման համար առանձին միասնական քննություն չսահմանելու տարբերակը

Հանրապետության բուհերում հեռակա ուսուցման կարգում կատարված փոփոխությունների համաձայն ընդունելությունը կատարվելու է միասնական քննությամբ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ նախորդ կարգավորումների համաձայն բուհերն իրենք էին ընդունելության քննություններն անցկացնում:

«Այս տարի ամրագրեցինք, որ հեռակա ուսուցման քննությունները ևս պետք է լինեն միասնական: Քննությունները կազմակերպելու է Գնահատման և թեստավորման կենտրոնը: Հայտագրումը կլինի առցանց dimord.am կայքի միջոցով սեպտեմբերի 5-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: Դրանից հետո Գնահատման և թեստավորման կենտրոնն, ըստ դիմորդների քանակի, կսահմանի քննական կենտրոններ: Քննությունները կանցկացվեն հոկտեմբերի վերջին տասնօրյակում»,-ասաց Լուսինե Գրիգորյանը:

Հեռակա ուսուցման միասնական քննության պայմանը տարածվելու է նաև ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վրա: Հաշվի առնելով, որ կարգը ուշ մտավ ուժի մեջ ոչ պետական բուհերի համար դա կգործի մյուս ուսումնական տարվանից: Նման փոփոխության նպատակն է միասնական մուտքի պայման, միասնական ընդունելություն, հավասար հնարավորություն ապահովելն է:

Նախնական տվյալների համաձայն պետական ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման համար ակնկալվում է մինչև 3 հազար դիմորդի հայտագրում:

Լուսինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ քննարկվում է հեռակա ուսուցման համար առանձին միասնական քննություն չսահմանելու տարբերակը: Այս տարի կփորձարկվի միասնական քննության տարբերակը ու տարվա վերջում արդյունքները ամփոփելուց հետո կլինի վերջանական որոշում:

Նմանատիպ նյութեր