211652_close_icon
views-count1909 դիտում article-date 10:56 02-08-2022

Բայդենը հայտարարել է, որ «Ալ Քաիդայի» պարագլուխը ոչնչացվել է

Աֆղանստանում, ԱՄՆ գործողության ընթացքում, սպանվել է «Ալ Քաիդայի» պարագլուխ Այման ալ-Զավահիրին, ինչն ամենամեծ հարվածն է զինյալներին այն ժամանակներից ի վեր, երբ 2011թ. սպանվեց խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենը, տեղեկացրել է «Ամերիկայի ձայնը»։

«Այդ գործողությունը վառ ցուցադրումն է այն բանի, որ մենք կարող ենք եւ միշտ կկատարենք տրված խոստումները։ Իմ վարչակազմը կշարունակի հետեւել եւ վերացնել «Ալ Քաիդայից» բխող սպառնալիքները, որտեղ էլ որ դրանք լինեն,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։- Որպես գլխավոր հրամանատար՝ ես պատասխանատվություն եմ կրում այն բանի համար, որպեսզի Ամերիկան լինի անվտանգ այս վտանգավոր աշխարհում։ Միացյալ Նահանգները չի ձգտել պատերազմ վարել ահաբեկչության դեմ։ Այն ինքն է եկել մեզ մոտ։ Մենք պատասխանել ենք նույն սկզբունքներով եւ վճռականությամբ, որոնք ձեւավորել են մեզ սերնդեսերունդ՝ պաշտպանել անմեղներին, պաշտպանել ազատությունը»։

Զավահիրին եգիպտացի վիրաբույժ է, որի գլխի համար 25 մլն դոլար պարգեւ էր սահմանվել, նա օգնել է 2011թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների համակարգման գործում, ինչի հետեւանքով զոհվեց մոտ 3 000 մարդ։

Սպիտակ տան պաշտոնյաները, չցանկանալով նշել անունները, հայտարարել են, որ Զավահիրին ոչնչացվել է կիրակի առավոտյան, տեղի ժամանակով ժամը 6.18-ին Քաբուլում անօդաչուի հարվածից։

«Արդարությունը հաղթանակեց, եւ ահաբեկիչների պարագլուխն այլեւս չկա»,- ասել է Բայդենը իր ելույթում։

«Նրա ընտանիքի անդամներից ոչ ոք չի տուժել, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան։ Ես այս նորությունը հայտնում եմ ամերիկացի ժողովրդին առաքելության լիակատար հաջողությունից հետո։ Դա տեղի է ունեցել մեր հակաահաբեկչական հանրույթի եւ կարեւոր դաշնակիցների ու գործընկերների քրտնաջան աշխատանքի շնորհիվ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

«Զավահիրին շարունակում էր ակտիվ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ մարդկանց, շահերին եւ ազգային անվտանգությանը»,- ասել է Սպիտակ տան աշխատակիցը լրագրողների հետ հեռախոսազրույցում։- Նրա մահը զգալի հարված է «Ալ Քաիդային» եւ կթուլացնի խմբավորման գործունակությունը»։

Ամերիկյան հետախուզությունը «բարձր հավաստիականությամբ» պարզել է, որ սպանվածը հենց Զավահիրին է, լրագրողներին ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

Նմանատիպ նյութեր