211652_close_icon
views-count1472 դիտում article-date 13:52 01-08-2022

Արտասահման ճամփորդող զբոսաշրջիկների թիվը հասել է մինչհամավարակային մակարդակի կեսին

Այլ երկրներում ճամփորդող զբոսաշրջիկների թիվը ընթացիկ տարվա հունվար-մայիսին գրեթե կեսով վերականգնվել է կորոնավիրուսի համավարակից հետո։ Այս մասին նշվել է ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության երկուշաբթի տարածած մամուլի հաղորդագրությունում։

«Միջազգային տուրիզմը շարունակում է կայուն վերականգնման նշաններ ցուցադրել համավարակի ազդեցությունից հետո, չնայած տնտեսական եւ աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերներին,- նշել են ՄԱԿ-ի կազմակերպությունում։- 2022թ. առաջին հինգ ամիսներին միջազգային տուրիզմի ոլորտում նկատվել է զգալի աճ. գրանցվել է մոտ 250 մլն միջազգային ճամփորդություն»։ «Դա համադրելի է 2021թ. հունվար-մայիսի 77 մլն ճանփորդությանը եւ նշանակում է, որ ճյուղը մոտ կեսով (46 տոկոս) վերականգնել է 2019թ. մակարդակը»,- ավելացրել են կազմակերպությունում։

Նշվել է նաեւ, որ հուլիսի 22-ի դրությամբ 62 ուղղություններում (որոնցից 39-ը՝ Եվրոպա) սահմանափակումներ չեն եղել՝ կապված COVID-19-ի հետ, Ասիայում ուղությունների մեծ մասում նույնպես սահմանափակումները մեղմվել են։ «Բայց սպասվածից ավելի մեծ պահանջարկը ստեղծել է լուրջ օպերացիոն եւ կադրային մարտահրավերներ»,- նշել են կազմակերպությունում։ Ուկրաինայում իրավիճակը նույնպես, կարծում են կազմակերպությունում, ինչպես նաեւ գնաճն ու տոկոսադրույքների ավելացումը, տնտեսական աճի դանդաղման մտավախությունները շարունակում են անհանգստացնել ճյուղի վերականգնման առումով։

2022թ. միջազգային ճամփորդությունների թիվը կհասնի մինչհամավարակային մակարդակի 55-70 տոկոսին։ «Արդյունքները կախված են փոփոխվող հանգամանքներից, հիմնականում շարունակվող գնաճից, ներառյալ էներգակիրների բարձր գները, ինչպես նաեւ առողջապահական ոլորտում տիրող իրավիճակից՝ կապված համավարակի հետ։ Անձնակազմի անբավարարությունը, օդանավակայանների  լուրջ ծանրաբեռնվածությունը, չվերթների ուշացումները եւ չեղարկումները նույնպես կարող են ազդել միջազգային տուրիզմի տվյալների վրա»,- նշել են ՄԱԿ-ի կազմակերպությունում։

Նմանատիպ նյութեր